Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը բարձրացնելու է Հայաստանի առջև փակված օդային տարածքի հարցը


Թուրքիայում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին մասնակցող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը բարձրացնելու է Հայաստանի առջև փակված օդային տարածքի հարցը, այսօր խորհրդարանում հայտնեց պատգամավոր Սարգիս Խանդանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան

«Այս հարցը բարձրացնելու է նաև այս մակարդակով։ Եվ պետք է աշխատանք տարվի, որովհետև պետք է հասցեագրել իսկական խնդիրները։ Իսկ այս պահին իսկական խնդիրը, իրական խնդիրը այն է, որ Հայաստանի ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի օդային տարածքով իրենց գործունեությունը ծավալել, ինչը խնդիր է ստեղծում մեր քաղաքացիների համար» - հայտարարեց նա։

Նա ասաց, որ իշխանությունները կենտրոնանալու են օդային տարածք բացելու վրա՝ առանց բացահայտելու, թե ինչպես։

Թուրքիայի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ կատարող հայկական ավիաընկերության համար օդային սահմանը փակելուց օրեր անց՝ երեկ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումն է։ Այսօր թեմային անդրադարձել է նաև Էրդողանի աշխատակազմը, որի ներկայացուիչը Turkic World-ին տված հարցազրույցում ասել է, թե «Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով»։

«Լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը ու հայկական սփյուռքը դեռևս արմատներ են ձգում պատմության չապացուցված խորքերում: Դա լուրջ խոչընդոտ է ժամանակակից և մշակութային աշխարհին այս հասարակության ինտեգրման համար», - պնդել է Թուրքիայի նախագահականի աղբյուրը և ավելացրել, թե Թուրքիան չի ամաչում իր պատմությունից։

Վեդանտ Պատել
Վեդանտ Պատել

Հայաստանի առջև օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշման վերաբերյալ հիասթափված են Վաշինգտոնում։ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ և՛ երկու երկրների, և' ողջ տարածաշրջանի շահերից ելնելով։

«Մենք հիասթափված ենք հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին Թուրքիայի հայտարարությունից: Օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին ավելի վաղ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը վստահության ամրապնդման կարևոր գործիք էր ոչ միայն այդ երկու երկրների միջև, այլև ավելի լայն առումով տարածաշրջանային կայունության համար», - ասել է Պատելը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև բացել տրանսպորտային կապերը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում Սևծովյան համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի բացմանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան կապող Մարգարայի կամուրջը կգործի ոչ միայն մարդասաիրական բեռների համար. - «Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով, մինչ այդ երեսուն տարի փակ Մարգարայի կամրջով։ Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության և առևտրի համար»։

Ցամաքային սահմանը բացելու փոխարեն փակվում է օդայինը

Ցամաքային սահմանը բացելու փոխարեն սակայն, փակվում է օդային սահմանը մի հուշարձանի տեղադրման պատճառով։

Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողը Երևանում
Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողը Երևանում

Ինչպես է Երևանում տեղադրվել «Նեմեսիս» գործողության մասնակիցների կամ ինչպես գրված է Երևանի ավագանու որոշման մեջ՝ «Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողը»։ Հուշարձանը տեղադրվել ու պաշտոնապես բացվել է վերջերս, սակայն դրա վերաբերյալ Երևանի ավագանին որոշում է կայացրել 2021 թվականի սեպտեմբերին։ Ընդհանրապես Երևանում հուշարձան տեղադրելու համար կառավարությունից թույլտվություն, կարծիք կամ եզրակացություն օրենքի պահանջով հարկավոր չէ։ Այլ հարց է, որ ավագանին կարող էր որոշել խորհրդակցել արտգործնախարարության հետ, ինչը, ինչպես հիշում են ավագանու անդամները, արվել է։

Թեմային երեկ անդադրաձավ նաև վարչապետը. - «Էդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով։ Երբ որ էդ թեման սեղանից սեղան գնացել է, մտածել են՝ մի րոպե, բա որ մենք չհամաձայնվենք, մեզ կասեն դուք դավաճան եք... Էնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք։ Բայց մենք իրականում մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, որքան էլ Անկարան ասի, թե առանց նախապայմանների են սկսել երկխոսությունը Հայաստանի հետ, տեսանելի է, որ Թուրքիան չի հրաժարվելու ցեղասպանությանը վերաբերող պահանջներից, կլինի դա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հին առաջարկի շրջանառմամբ, թե այլ կերպ. - «Իրենք շահագրգռված են, որ Հայաստանը ընդունի բոլոր այն պայմանները, որ Թուրքիան առաջ է քաշում։ Եթե Հայաստանը ընդուներ բոլոր այն նախապայմանները, պայմանները, պահանջները, այն ժամանակ նոր նրանք այս բանակցային գործընթացը կհասցնեն տրամաբանական ավարտին։ Քանի չի ընդունել, նրանք այսպիսի գործողություններ կանեն»։

Ռուբեն Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյան

Ընդ որում, Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի պատասխանն էլ համաչափ չէ. 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի ժողովրդի պատմական հիշողությանն առնչվող հուշարձանի տեղադրմանը Թուրքիան փաստացի արձագանքել է տնտեսական պատճամիջոց կիրառելով։

XS
SM
MD
LG