Մատչելիության հղումներ

Հասանովը հայտարարել է, թե մեծ ջանքեր չեն պահանջվի «Ղարաբաղում մնացած ռազմական խմբավորումները ոչնչացնելու համար»


«Ադրբեջանական բանակը պատրաստ է զինաթափել Ղարաբաղում մնացած ապօրինի ռազմական խմբավորումները. դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Հղում անելով նախագահ Ալիևին` Հասանովը սպառնացել է` ցանկացած սադրանք Ադրբեջանի բանակի դեմ նրանց համար շատ վատ ավարտ կունենա, հավելելով. - «Ով ցանկանում է ընդունել Ադրբեջանի օրենքները, կարող է շարունակել ապրել Ղարաբաղում, ով չէ` ճանապարհը բաց է, թող հեռանա»:

«Մենք առանձնապես բարձր չենք գնահատում անօրինական զինված կազմավորումների կարողությունները, որոնք մնացել են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտում: Մեզ հայտնի է դրանց քանակությունը, սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են ընդունակ: Եթե այդ անօրինական զինված կազմավորումները սադրանքների գնան, նրանց հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով: Բայց ես հուսով եմ` բանականությունը, այդուամենայնիվ, կհաղթի, և նրանք կհասկանան, որ տարբերակ չունեն և պետք է միջազգային օրենքի շրջանակներում ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչեն Ադրբեջանի օրենքները», - ասել է նա:

Անցած շաբաթավերջին նույնը նաև նախագահ Իլհամ Ալիևն էր կրկնել, հավելելով, թե Ադրբեջանի բանակը շարունակում է ինտենսիվ զինվել` ձեռք բերելով նաև հեռահար հրթիռներ:

«Դրանք Հայաստանի կողմից հնարավոր վտանգներին հակազդելո՞ւ համար են, թե՞ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն»,- հարցրել է լրագրողը: Հասանովը չի հերքել, որ հեռահար այդ հրթիռների թիրախում կարող է նաև Հայաստանը լինել, հավելելով, թե ադրբեջանական բանակը նաև թուրքական նոր սերնդի «Բայրաքթարներ» է ձեռք բերում, ինչպես նաև դրանց համատեղ արտադրություն սկսում:

«Մենք պետք է հաշվի առնենք բոլոր վտանգները: ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը միանշանակ խնդիր է դրել զարգացնել բանակը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - նշել է նա:

Ավելին, Հասանովը հրապարակավ հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական բանակը Հայաստանի դեմ վեց խոշոր ռազմական գործողություն է իրականացրել` վեցն էլ ավարտվել են հաջողությամբ: «Մենք վերահսկում ենք ռազմավարական բոլոր բարձունքները»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ընդ որում, Հասանովն իր խոսքում անընդհատ կիրառել է «պայմանական պետական սահման» բառակապակցությունը՝ փաստացի ընդգծելով, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանը չի ճանաչում:

«Ունենալով նման ռազմավարական գերակայություն պայմանական պետական սահմանին` մենք ստեղծել ենք կրակ բացելու շատ հզոր մեխանիզմներ, այդ թվում` թիրախավորելով մատակարարումների և զորքի տեղաշարժի ճանապարհները հենց Հայաստանում: Մենք այնտեղ ինժեներական աշխատանքներ ենք կատարել, որոնք մեզ հնարավորություն են տալիս օպերատիվ գերակայության հասնել: Հիմա մենք, ինչպես ասում են, խաղաղություն ենք առաջարկում, և այդ խաղաղությանը համապատասխան մեր պայմանները կան: Եթե նրանք համաձայն չեն, իրենց գործն է: Մենք կշարունակենք մնալ այնտեղ, որտեղ կանգնած ենք», - հայտարարել է նա:

Հասանովը մի քանի անգամ կրկնել է, թե ադրբեջանական զինուժը զարգանում է արևմտյան մոդելով` թուրքական բանակի հետ սերտ համագործակցությամբ. - «Միայն այս տարի թուրք-ադրբեջանական 16 համատեղ զորավարժություն է նախատեսված բոլոր զորամիավորումներում»:

Եղբայրական Թուրքիայի, Իսրայելի հետ ռազմավարական սերտ կապերը մատնանշելուց բացի, գեներալ-գնդապետը խոսել է նաև Միացյալ Նահանգների մասին, պնդելով, թե Վաշինգտոնում ևս հետաքրքրված են ադրբեջանական բանակով ու համագործակցությամբ:

«Իմ տեղակալը` ռազմաօդային ուժերի հրամանատարը, մեկնել էր Միացյալ Նահանգներ, հանդիպել ղեկավարության հետ: Դրված են համագործակցության, փոխազդեցության հարցեր: Ավելին ասեմ` գաղտնիք չէ, որ նրանց հետաքրքրում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեր փորձը», - շեշտել է նա:

Ադրբեջանական լրատվամիջոցներն, իրենց հերթին, մեջբերում են ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության այսօրվա թվիթերյան գրառումը:

«Ողջունում ենք ադրբեջանական բանակի ներդրումը Եվրոպայի անվտանգությունն ամրապնդելու հարցում: Մենք բարձր ենք գնահատում նրանց հետ շարունակական համագործակցությունը», - գրել է ամերիկյան հրամանատարությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG