Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հայտարարում է՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը


Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարն Արցախում. Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ այսօր կեսօրից հետո շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ կիրառվել է հրաձգային զենք, ինչպես նաև 60 մմ տրամաչափի 3 ական է արձակվել դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի, հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ, Ստեփանակերտը հերքում է Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պարբերաբար կրակել են Շուշիի և Ասկերանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Սա իրենց գործելաոճն է, այսինքն, ապատեղեկատվություն տարածելով, իբրև մեր կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում, փորձում են առաջիկայում ինչ-որ հատուկ գործողություններ իրականացնելու կամ մարտական այլ գործողություններ իրականացնելու համար փորձում են իրենց գործողությունները հիմնավորել դրանով, որ իբրև հրադադարի ռեժիմի խախտումներ են: Մենք բոլորս էլ գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ռուս խաղաղապահների կողմից ամեն անգամ արձանագրվում են, և փաստացի հրադադարի ռեժիմի խախտման կողմը երևում է», - նշեց Հարությունյանը:

Սահմանային գրեթե ամենօրյա կրակոցների ֆոնին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։

Ըստ «Թուրան» գործակալության՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարել է խորհրդակցության ժամանակ։ Հասանովը զինված ուժերի հրամանատարական կազմին է հանդիպել 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զորավարժություններն ամփոփելու նպատակով։

Փորձում են ներկայացնել, իբրև այդ սադրանքները մեր կողմից են իրականացվում. Արթուր Հարությունյան

Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր, թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հաղորդում են ադրբեջանական կրակոցների մասին և հերքում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի պնդումները։ Արցախի իշխող խմբակցության ղեկավարի խոսքով, Ադրբեջանը, հայկական կողմին մեղադրելով նախահարձակ լինելու մեջ, փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե հայկական կողմը դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Նպատակներ հետապնդում են ներկայացնելով և՛ Արցախի պաշտպանության բանակի կողմից այդ հորինվածի պես հրադադարի խախտման դեպքերը, և՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն, տեղեկատվական դաշտում փորձում են ներկայացնել, իբրև այդ սադրանքները մեր կողմից են իրականացվում, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում», - ընդգծեց պատգամավորը:

Ադրբեջանական կրակոցների մասին երեկ հաղորդեց նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Նախ հաղորդվեց, որ Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի Կախակնի ուղղությամբ՝ թիրախավորելով զինծառայողների տեղափոխող մեքենան։ Ապա հաղորդվեց նույն ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծման մասին՝ նաև ականանետի կիրառմամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս հայտարարությունները։

Կախակնը Վարդենիսի գյուղերից է։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այժմ իրավիճակը հարաբերական հանգիստ է։

«Հարաբերական հանգիստ է, կրակոցներ որպես այդպիսին չեն արձանագրվել», - ասաց Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ռազմական նոր սրման վտանգն Արցախում մեծ է

Սահմաններին կրակոցների մասին ամենօրյա փոխադարձ մեղադրանքները նախորդել էին 2021-ի ու 2022-ի ռազմական բախումներին։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ռազմական նոր սրման վտանգն Արցախում մեծ է, հատկապես, որ Ադրբեջանի նախագահը վերջերս պահանջել էր ղարաբաղյան իշխանություններից ենթարկվել Բաքվին։

«Նա մի շարք վերջնագրեր ներկայացրեց Արցախի իշխանություններին, որոնք պարզ է, որ հնարավոր չէ կյանքի կոչել և մեծ հաշվով արդեն իսկ տեղեկատվական հողը այդ հնարավոր նոր սադրանքների համար նախապատրաստում է, պետք է նշել, որ նաև ադրբեջանական տարբեր փորձագետներ մեր գործընկերների հետ տարբեր հանդիպումներում գրեթե ուղիղ տեքստով ասում են, որ ինչ-որ գործողություն նախապատրաստվում է, որ ամեն ինչ պատրաստ է ու սպասում են միայն հրամանին», - ասաց Գրիգորյանը:

Սահմանային ներկա լարվածությանը զուգահեռ Երևանն ու Բաքուն ակտիվ բանակցությունների մեջ են, հայտարարվում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին։

«Ի հեճուկս բոլոր լավատեսական հայտարարությունների՝ միջնորդների կողմից, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կողմից, կան մի շարք տարաձայնություններ առանցքային հարցերի վերաբերյալ խաղաղ գործընթացում: Եվ նմանատիպ սադրիչ գործողություններ իրականացնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Հայաստանին պարտադրել այդ միակողմանի, մեծ հաշվով, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը», - նշեց քաղաքագետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG