Մատչելիության հղումներ

Երբևէ Արցախն ինտեգրված չի եղել Ադրբեջանին, որ հիմա էլ վերաինտեգրացիայի մասին խոսք լինի․ Արցախի ընդդիմադիր պատգամավոր


Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի արձագանքել Բաքվի հայտարարությանը, թե «վերաինտեգրման հարցերը քննարկելու Ղարաբաղին ուղղված հրավերը դեռ ուժի մեջ է»:

Ադրբեջանի արտգործնախարարւթյունը երեկ արձագանքել էր Լաչինի միջանցքը փակ պահելու և Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի, էթնիկ զտման քաղաքականության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին:

Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունում միջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ Բաքուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող բնակիչների հետ» երկխոսության, նրանց իրավունքներն ու ազատությունները ապահովելու հարցը իր ներքին գործն է՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակով։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հավելել է, որ «լի է վճռականությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հայկական ծագմամբ բնակիչների վերաինտեգրման համար, և այս, ինչպես նաև այլ հարցեր քննարկելու հրավերը դեռևս ուժի մեջ է մնում»։

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին Իվանյանում՝ ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում, հանդիպել էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որից օրեր անց արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում խոստովանել էր, որ Բաքվի ներկայացուցիչը եկել էր իր օրակարգով, որն ինտեգրացիայի հարցը քննարկելն էր, արցախյան կողմը մերժել էր առաջարկը, իսկ հետո Բաքվից սպառնացել էին, որ դիմելու են ավելի կոշտ և կտրուկ քայլերի։ Այս հանդիպմանը հաջորդել էր ադրբեջանական դիվերսիան, որը երեք ոստիկանի կյանք խլեց։

Ադրբեջանի՝ հենց Բաքվում հանդիպելու և դարձյալ «ինտեգրացիոն հարցեր քննարկելու» առաջարկը մերժելուց հետո Ստեփանակերտն ապրիլին առաջարկել էր հումանիտար անհետաձգելի հարցեր քննարկելու համար հանդիպել, սակայն առաջարկը մնացել էր անպատասխան:

Մինչ Արցախի իշխանությունը լռում է, Արցախի ընդդիմադիր շրջանակները, այսպես կոչված, վերաինտեգրացիայի հարց քննարկելու առաջարկներին կոշտ են հակադարձում՝ իրենց համար դա ընդունելի չէ:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ բանակցություններն Ադրբեջանի հետ հնարավոր են համարում միայն որպես լիիրավ բանակցային կողմ:

«Միջազգային հարթակներում կարող են լինել միայն բանակցություններ, եթե երկու կողմն էլ լիիրավ բանակցային կողմեր են։ Ցավոք, այդպես չի դիտարկում ոչ Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանություններին, ոչ էլ Բաքվի իշխանությունները Արցախի իշխանություններին։ Երկուսն էլ նույն տեսլականն ունեն այդ ուղղությամբ, որն ընդունելի չի Արցախի համար` վստահ եմ, ոչ իշխանությունների, ոչ էլ առավել ևս ժողովրդի ու ընդդիմադիր հատվածի համար, որովհետև մենք չենք խուսափում, մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, բայց որպես լիիրավ կողմ։ Բայց գիտեք, էստեղ վերաինտեգրացիա բառն ընդունելի չէ, որովհետև երբևէ Արցախն ինտեգրված չի եղել Ադրբեջանին, որ հիմա էլ վերաինտեգրացիայի մասին խոսք լինի», - ասաց Հակոբյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG