Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է արձակել ոստիկանության մեքենայի վրա, կա զոհ. Արցախի ՊՆ


Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր առավոտյան դիվերսիոն հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր։

Ըստ Արցախի ՆԳՆ ոստիկանության՝ դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Պաշտպանության բանակը մանրամասնել է, որ միջադեպը գրանցվել է «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում։

Ներքին գործերի նախարարությունը և ՊԲ-ն նշել են, որ դեպքի մասին մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։

Ադրբեջանական կողմը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը երեկ հայտնել էր Մարտունիի և Շուշիի շրջանում հրադադարի խախտումների մասին:

Ըստ Արցախի ՊՆ-ի՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG