Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներ․ ՀՀ գլխավոր դատախազ


Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի ու Քյամրան Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, մտահոգություն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։

Ընդգծելով, որ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են՝ Վարդապետյանը շեշտել է՝ առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։

Հայաստանի գլխավոր դատախազը նաև նկատել է՝ մի շարք անձանց Հայաստան վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ, ինչպես գլխավոր դատախազն է շեշտել, հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի (կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում) պահանջները։

Անդրադառնալով վերջին օրերին Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ Վարդապետյանն ընդգծել է՝ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։

«Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:

Կրասնովը նախքան երեկվա եռակողմ հանդիպումը առանձնազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Վերջին անգամ գլխավոր դատախազները հանդիպել են 2022-ի դեկտեմբերի 8-ին։ Այս ձևաչափով սա արդեն հինգերորդ հանդիպումն է: Առաջին այդօրինակ քննարկումը տեղի է ունեցել 2021-ի հունվարին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից մեկ օր անց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG