Մատչելիության հղումներ

Երասխում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը կայուն է, նրանց կյանքը վտանգված չէ. ԱՆ


Ադրբեջանը կեսօրին մոտ՝ 11:45-ի սահմաններում է կրակ բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացու, հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրեց՝ վիրահատության կարիք է առաջացել, երկու վիրավորներն էլ բարեհաջող վիրահատվել են: Երկուսի վիճակը կայուն է, նրանց կյանքը վտանգված չէ:

ՊՆ-ն միայն հայտնեց, որ տարբեր տրամաչափի, այդ թվում՝ խոշոր հրաձգային զենքերից է ադրբեջանական կողմը կրակել։ Մեկ այլ պետական գերատեսչություն՝ Քննչական կոմիտեն բացահայտեց՝ վնասվածքները հրազենային են՝ հաղորդելով նաև սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի մասին։

ՊՆ-ը պնդել էր՝ դեպքից րոպեներ առաջ Բաքուն հայկական կրակոցների մասին ապատեղեկատվություն էր տարածել՝ հետագա գործողությունների կեղծ հիմքն ապահովելով։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այդ հաղորդագրությունում պնդել էր, թե այսօր ժամը 10-ից հայկական զինուժն ինտենսիվ կրակել է Նախիջևանի Հեյդարաբադ բնակավայրի մոտ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապա հաղորդել՝ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում»։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում երեկվանից է լարվել։ Երեկվա կրակոցներից վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա ու ենթակառուցվածք։ Երասխում լարվածության մասին ՊՆ-ն այսօր էլ երկու անգամ է հաղորդել։

Ադրբեջանը առաջխաղացում չի ունեցել Երասխում. ՊՆ փոխնախարար

Ադրբեջանը առաջխաղացում չի ունեցել Երասխում, կրակոցները հեռահար են, նպատակն էլ՝ բանակցային գործընթացին վնասելն է, կարծում է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, դրանք կրակոցներ են հեռահար և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Չեմ կարող ասել՝ լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր են իրականցվում, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում է այդ գործընթացը, դա ակներև է», - նշեց Սարգսյանը:

ՊՆ-ն փոխնախարարը հայտարարեց՝ հայկական զինուժը համարժեք պատասխան տալիս է ու կտա ապագայում՝ չմանրամասնելով կոնկրետ Երասխում ի՞նչ հակազդեցություն է եղել ադրբեջանական վերջին գործողություններին։

«Բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլը», - ասաց ՊՆ պաշտոնյան:

Երասխում մետալուրգիական գործարան կառուցելուն Բաքուն բնապահպանական պատճառաբանությամբ ընդդիմացել էր դեռ անցած շաբաթ՝ Երևանից պահանջելով իր գործողությունները նախ Ադրբեջանի հետ համաձայնեցնել։ Այդ մտահոգությունները կեղծ որակելով՝ Հայաստանի ԱԳՆ-ը մինչև այսօրվա միջադեպը՝ երեկվա կրակոցներից հետո էր հայտարարել՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արհամարող Բաքվի նպատակը Հայաստանի տնտեսական զարգացումն ու օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելն է։

«Երևանը միջազգային գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից պահանջում է զսպել Ադրբեջանին»

Երևանը միջազգային գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից պահանջում է զսպել Ադրբեջանին, Խորհրդարանում հայտարարում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող, իշխանական ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը։

Նա ամրաններ՝ արմատուրա արտադրող գործարանի կառուցումը չափազանց կարևոր պրոեկտ համարեց Հայաստանի համար։ Իշխանական պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանն ագրեսիվ վարքագծով փորձում է ավելին ստանալ բանակցային սեղանի շուրջ, բայց Երևանը շարունակելու է մնալ խաղաղության կողմնակից:

«Ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է, և ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը իր գործընթացին: Մեր կոչն է և մեր պահանջն է միջազգային գործընկերներին, որպեսզի զրսպի Ադրբեջանին ու բերի կառուցողական դաշտ», - նշեց Խանդանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան»-ից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ ադրբեջանցիները առաջ կգան այնքան, ինչքան կթողնի Հայաստանը։

«Հայեցակարգ չկա այսօր Հայաստանի իշխանությունների կողմից, որ երևա, որ մենք մեր շահերը պաշտպանելու հայեցակարգով ենք առաջնորդվում, դրա համար իշխանությունների պատկերացրած երաշխավորը մեր անվտանգության Ադրբեջանն ու Թուրքիան են, այսինքն, իրենք պիտի երաշխավորեն, որ մենք անվտանգ ապրենք, այս անճարության իմաստն այդ է, որ եթե իրենք թույլ չտվեցին, մենք անճար ենք մեր անվտանգությունը պաշտպանենք, ուրեմն մենք պետք է մուրանք, որպեսզի իրենք մեր անվտանգությունն ապահովեն», - ասաց Ռուստամյանը:

Ի դեպ, Երևանից դեռ շարունակում են ակնկալել, որ ինչպես Հայաստանի վարչապետն է ճանաչել 86.600-ը, Ադրբեջանի նախագահը ևս կբարձրաձայնի Հայաստանի 29.800- քմ կմ-ը ճանաչելու մասին։ Սարգիս Խանդանյանն էր այսօր ասում։ Նիկոլ Փաշինյանը 3 շաբաթ առաջ է հստակեցրել՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG