Մատչելիության հղումներ

Հանցագործություն է, որ Հայաստանը չի մասնակցում Արցախի կարգավիճակի քննարկումներին. Արծվիկ Մինասյան


«Ազատության» տաղավարում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ազատություն». - Ձեզ չե՞ն համոզում իշխանությունների հավաստիացումները, որ առանց արցախահայերի անվտանգության իրավունքների ամրագրման, այդ երաշխիքների, խաղաղության պայմանագիր չեն կնքի։

Մինասյան. - Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ուժը էսքան ժամանակ ինչ ասել են, սուտ են ասել։ Կեղծել են իրականությունը։ 2021-ից հետո։ Հիշեցնեմ, որ չասեն՝ լավ, 18-ին այլ էր իրավիճակը։ 21-ի իրենց նախընտրական ծրագրում, իրենց հրապարակային խոսքում կարմիր թելով գնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետո դա աստիճանաբար փոխարինվեց իրավունքների մասին։ Երբ որ հարցնում էինք, բոլոր իրավունքներն էին վկայակոչում՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը։ Հետո սկսեցին ընդհանրապես չխոսել ինքնորոշման իրավունքի մասին, խոսեցին անվտանգության մասին։ Հիմա էլ հայտարարում են, որ որևէ ձևով Հայաստանը չի կարող ներգրավվել Արցախի կարգավիճակը քննարկման հարցում...

«Ազատություն». - Որովհետև դա Բաքվի և Ստեփանակերտի գործն է...

Մինասյան. - Դա առնվազն... չասեմ զավեշտ, սա հանցագործությունից էլ անդին հայտարարություն է։ Այս իշխանությանը թվում է, թե Հայաստանը իրենք են։ Հայաստանը իրենք չեն։ Հայաստանը ստանձնել է պարտավորություն սկսած 89 թվականից, երբ որ խորհրդային դեռևս Հայաստան էր։ Դրանից հետո անկախության շրջափուլում է ստանձնել պարտավորություն, բազմաթիվ Ազգային ժողովի որոշումներով և հայտարարություններով է ստանձնել պարտավորություններ Արցախի ժողովրդի՝ որպես հայ ժողովրդի մի հատվածի, իրավունքների, առաջին հերթին ինքնորոշման իրավունքի իրացման ապահովման հարցում։ Հիմա, էս իշխանության հայտարարություններին ո՞նց կարելի է լուրջ մոտենալ, կամ ո՞նց կարելի է հավաստիանալ նրանց հայտարարությունների մեջ։

«Ազատություն». - Որովհետև այս անգամ երբ նրանք դա ասում են, հետևում կանգնած են միջազգային դիտորդներ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, որոնք ևս խոսում են արցախահայերի իրավունքների մասին։

Մինասյան. - Երեսուն տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երեք երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, մշտապես խոսել են ինքնորոշման իրավունքի մասին։ Ինչո՞ւ ուրեմն սրանք՝ այս իշխանությունները, նույն Ամերիկային, նույն Եվրոպային, Ռուսաստանին առաջ մղում, որ ինքնորոշման իրավունքը ախր դո'ւք եք նաև պաշտպանել, դո'ւք ես մեզ և Արցախի ժողովրդին ասել, որ ռազմական գործողությունները անհեռանկար են, դո'ւք եք, որ Ադրբեջանին մշտապես փորձել եք բերել բանակցությունների դաշտ։ Էն ժամանակ, ինչ է, էս բանակցությունների թիկունքում էս երեք գերտերությունները չէի՞ն։

«Ազատություն». - Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը, եթե Ադրբեջանը արդեն պահանջ է դնում վերացնել Արցախի պետական ինստիտուտները։

Մինասյան. - Իսկ ո՞ւմ շնորհիվ է էդ պահանջը դնում։ Ո՞ւմ ակտիվ գործողությունների հետևանքով է էդ պահանջը դնում...

«Ազատություն». - Սահմանային և աշխարհաքաղաքական...

Մինասյան. - Չկա' էդպիսի բան։ Աշխարհաքաղաքականը էական գործոն է, բայց յուրաքանչյուր երկիր ինքը, աշխարհաքաղաքական գործոնը հաշվի առնելով, իր մաքսիմալ շահերը առաջ է մղում՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների։ Աշխարհաքաղաքական գործոնը պարտվակ բերելով՝ իրենք անընդհատ հանձնում են, անընդհատ զիջում են և Ադրբեջանին անընդհատ տեղ են տալիս նոր պահանջներ առաջադրելու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG