Մատչելիության հղումներ

«Ուղիղ բանակցությունները երկարատև խաղաղության հասնելու բանալին են». Վաշինգտոնում սպասում են Միրզոյանին և Բայրամովին


Հունիսի 12-ին Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում, թե քանի օր կտևեն Միրզոյան-Բայրամով բանակցություններն այս անգամ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել։ Մինչ այդ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակն արդեն հայտարարել է՝ «անհամբեր սպասում են» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

«Այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային: Ինչպես նախկինում եմ ասել, ուղիղ բանակցությունները երկարատև ու արժանապատիվ խաղաղության հասնելու և խնդիրները լուծելու բանալին են։ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլ ձևաչափերով ևս բանակցում են, այդ թվում՝ նկատի ունեմ ղեկավարների վերջին բանակցությունները», - ասել է նա։

Մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում տեղի ունեցած Միրզոյան- Բայրամով բանակցությունները տևեցին 4 օր, որից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ երկկողմ և եռակողմ քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Թե կոնկրետ որ հարցերին է վերաբերում առաջընթացը, Բլինքենը չէր մանրամասնել, սակայն ընդգծել էր՝ բանակցությունների տեմպը ցույց է տալիս, որ խաղաղության համաձայնագիրը իսկապես հասանելի է:

Նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես չէր բացառել՝ մինչև տարեվերջ Երևանն ու Բաքուն հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքեն. - «Եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի՝ առաջընթաց գրանցելով, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ… մենք տրամադրված ենք այսպես, որ հնարավորինս շուտ։ Այդ հնարավորինս շուտը կարող է, օրինակ, լինել տարվա ընթացքում, բայց կարող է մինչև տարեվերջ ձգվել»։

Անդրադառնալով վերջին ամիսների ինտենսիվ բանակցություններին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ երեկ, իր հերթին, հայտարարել էր՝ «խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»։

Երևանն ու Բաքուն սկզբունքային հարցերի շուրջ այդպես էլ համաձայնության չեն հասել. քաղաքական մեկնաբան

Արդյոք ինտենսիվ բանակցություններն ու լավատեսական հայտարարություններն իսկապես հիմքեր տալիս են պնդելու, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, և մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը փաստաթղթի ստորագրման համար նախադրյալներ չի տեսնում՝ հաշվի առնելով, որ Երևանն ու Բաքուն սկզբունքային հարցերի շուրջ այդպես էլ համաձայնության չեն հասել։

Չկա փոխըմբռնում, թե կոնկրետ որ քարտեզներով է սահմանազատում իրականացվելու, չկա պայմանավորվածություն Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու շուրջ, չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրականացման միջազգային երաշխավորի հարցում, ասում է նա։

Բադալյանը նաև հիշեցնում է՝ չնայած Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, Լեռնային Ղարաբաղը ներառյալ, Ադրբեջանը հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի մատնանշած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։

«Մենք տեսնում ենք նաև, որ կողմերը դիրքորոշումները միանգամայն տարբեր են, շարունակում են տարբեր լինել, հետևաբար գոնե առերևույթ չունենք հիմքեր ասելու, որ կա խաղաղության պայմանագրի գործնական հնարավորություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Հայաստանի արտգործնախարարը երեկ ընդունեց՝ Ադրբեջանի նախագահն իսկապես հրապարակավ չի ընդունել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. - «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի մետր տարածքով։ Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա»։

Մինչդեռ վերլուծաբանի համոզմամբ՝ Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է միայն իր պայմանները Երևանին պարտադրելու, ուժի սպառնալիքի, շանտաժի միջոցով, և ցավոք, այդ քաղաքականությունը որևէ միջնորդ չի քննադատում։ Ընդհակառակը, Բադալայնը հիշեցնում է, որ պաշտոնական Վաշինգտոնը ողջունեց արցախցիների նկատմամբ համաներում կիրառելու Ալիևի հայտարարությունը։

«Որ ոտքից գլուխ սպառնալիք էր Արցախի ժողովրդի և ղեկավարության հասցեին և տարօրինակ կերպով արժանացավ ողջույնի։ Սա ևս մի հանգամանք էր՝ խոսելու այն մասին, որ այս ինտենսիվ բանակցային փուլը, այդուհանդերձ, ոչ միայն լավատեսության ինչ-որ ամուր հիմքեր չի տալիս, այլ հակառակը՝ այսպիսի դրսևորումներով տալիս է մտահոգվելու տեղիք», - նկատեց նա։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված արտգործնախարարների բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում։ Այն նախատեսված է հուլիսի 21-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG