Մատչելիության հղումներ

Առավոտյան կրկին ռմբակոծվել են Կիևն ու Դնեպրը


Հրթիռակոծման հետևանքները Դնեպրում
Հրթիռակոծման հետևանքները Դնեպրում

Այսօր առավոտյան Կիևը, Դնեպրը կրկին ռմբակոծվել են, այդ թվում «Իսկանդեր» հրթռիներով։ Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է 11 «Իսկանդեր-М» և «Իսկանդեր-К» հրթիռ։ Դրանք բոլորը ոչնչացվել են, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը սպառնացել է արագ արձագանքել Կիևի գնդակոծությանը. - «Բոլոր նրանք, ովքեր փորձում են վախեցնել մեզ՝ երազելով, որ դա ինչ-որ ազդեցություն կունենա, շատ շուտով կզղջան դրա համար։ Մեր պատասխանը սպասեցնել չի տա: Շուտով բոլորը կտեսնեն ամեն ինչ»։

Ուկրաինայի իշխաննությունները դեռևս անցած շաբաթ հայտարարել են, որ ուկրաինական հակահարձակումը սկսվելու է առաջիկա օրերին։

Մինչ այդ, գիշերը Կիևը պաշտպանող ՀՕՊ-ը խոցել է քառասուն անօդաչու թռչող սարք, խոցված անօդաչուների բեկորները ընկել են քաղաքի կենտրոնում։

Հարձակման էին ենթարկվել այս գիշեր նաև Օդեսան, Լվովը, ինչպես նաև Վիննիցայի, Խմելնիցկիի և Խարկովի մարզերը։ Վերջին շրջանում ռուսական կողմը ամեն գիշեր ինտենսիվ ռմբակոծում է ուկրաինական բնակավայրերը իրանական անօդաչուներով։ Ուկրաինայի իշխանությունները խոստանում են մինչև ձմեռ ունենալ այնպիսի ՀՕՊ, որը կպաշտպանի բոլոր քաղանքերն ու բնակավայարերը։

Նախագահ Զելենսկին պնդում է՝ իրանական շահիդները չեն օգնի Ռուսաստանին. - «Այսօր մեր երկիրը դիմակայեց «շահեդ»-ներով ռուսական ամենախոշոր հարձակումներից մեկը՝ միաժամանակ 54 անօդաչու թռչող սարք։ Գրեթե բոլորը խոցվել են։ Իր պատմության ընթացքում Կիևը տեսել է զավթիչների զանազան վայրագություններ, վերապրել բոլորին: Նրանցից ոչ մեկն այստեղ չի լինի: Կիևը և մեր բոլոր քաղաքները, մեր ամբողջ Ուկրաինան վերջ կտան պատերազմին»։

Վերջին օրերին ռուսական կողմը հարձակումների համար օգտագործում է մեծ քանակի իրանական արտադրության անօդաչուներ։ Նախօրեին Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւի նախագիծ։ Փաստաթղթի համաձայն, պատժամիջոցները, ի թիվս այլնի, ներառում են առևտրային գործունեության ամբողջական արգելք, տարանցման դադարեցում և ուկրաինական տարածքում Իրանի բնակիչների կապիտալի արգելափակում։

Հարվածի տակ են նաև սահմամերձ ռուսական շրջանները

Այսօր հարվածի տակ են նաև Ուկրաինային սահմամերձ ռուսական շրջանները։ Բելգորոդի մարզի նահանգապետ Գլադկովը հորդորել է մարզին միացնել Ուկարինայի Խարկովի մարզը հարձակումներին վերջ տալու համար։

Վյաչեսլավ Գլադկովը սա ռուսական այս շրջանի գնդակոծման խնդրի լավագույն լուծում է համարում. - «Միացնել Խարկովի մարզը Բելգորոդի մարզին։ Սա լավագույն լուծումն է հարձակումներին վերջ տալու համար»։

Ընդ որում, լրագրողի հարցին, թե արդյոք դա հնարավոր է համարում, Գլադկովը չի պատասխանել։

Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի վրա Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին։ Մարզի տարածքի մի մասը օկուպացված էր, գրոհը քաղաքի վրա, սակայն, ձախողվել էր։ Սեպտեմբերին ուկրաինական հակահարձակումից հետո ռուսական զորքերը լքեցին Խարկովի մարզի գրեթե ողջ տարածքը։

Բելգորոդի մարզի իշխանությունները գրեթե ամեն օր հայտնում են Ուկրաինայի տարածքից գնդակոծությունների մասին։ Այսօր օրինակ հաղորդվել է Շեբեկինո քաղաքի հրետակոծության մասին։ Ուկրաինական կողմը սովորաբար նման հաղորդագրությունները չի մեկնաբանում։ Մինչդեռ Բելգորոդի նահանգապետը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անվանել է «իրական պատերազմ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG