Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է ուկրաինական Դնեպր քաղաքի հիվանդանոցը


Երկու մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել, երեքն էլ համարվում են անհետ կորած Դնեպրում գտնվող հիվանդանոցի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով։

Գիշերը Ռուսաստանը հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա անօդաչու սարքերով և հրթիռներով։ Թիրախում այս անգամ Դնեպր քաղաքն ու Դնեպրոպետրովսկի շրջան էր, ինչպես նաև Կիևը։

Կիևի տարածքում, տեղական իշխանությունների տվյալներով, բոլոր օդային թիրախները խոցվել են։ Ամեն գիշեր ռուսական կողմը ինտենսիվ ռմբակոծում է Ուկրաինայի տարածքը։

ԱԹՍ-ների գրոհի է ենթարկվել Կրասնոդարը

Միևնույն ժամանակ, արդեն որերորդ անգամ ուկրաինական անօդաչուները հարվածում են ռուսական բնակավայրերին, այդ թվում՝ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքներին։

Կրասնոդարում առավոտյան ժամը չորսին երկու պայթյուն է որոտացել. Տեղացիները խոսում են երկու անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Կրասնոդարից մինչև Ուկրաինայի առաջնագիծ առնվազն 330 կմ է։

Ռուսական տարածքին հարվածները ավելի ինտենսիվ են դարձել վերջին շաբաթներին։ Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել էր, թե հակահարձակումը, որի մասին Կիևը խոսում էր մի քանի ամիս, արդեն սկսվել է։

Այս ֆոնին Ռոսւաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տասնյակ տարիներ տևել. - «Այս հակամարտությունը շատ երկար է տևելու, տասնամյակներ, հավանաբար։ Սա նոր իրականություն է, կյանքի նոր պայմաններ։ Քանի որ Կիևում այդպիսի իշխանություն է։ Կլինի, ասենք, երեք տարի զինադադար, երկու տարի հակամարտություն, և ամեն ինչ նորից կկրկնվի»։

Արևմուտքում կա մտավախության, որ եթե նույնիսկ Մոսկվան համաձայնի կանգ առնել ու նստել բանակցային սեղանի շուրջ, պատերազմի վերսկսման վտանգը մեծ է լինելու։ Արևտմյան առաջնորդները վերջին ամիսներին գրեթե ամեն օր հայտարարում են՝ Պուտինը պետք է պարտվի այս պատերազմում, և միայն այս դեպքում հնարավոր կլինի խոսել Ուկրաինայում երկարամկետ խաղաղության մասին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հորդորել է Մոսկվային հույս չունենալ, որ Ուկրաինայում պատերազմը կարող է սառեցվել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների սահմանների երկայնքով. - «Մենք խոսում ենք արդար աշխարհի մասին, և նման աշխարհի բանալին ռուսական զորքերի դուրսբերումն է»։

Միևնույն ժամանակ, Շոլցը բաց է թողել այն հարցը, թե արդյոք այդ պահանջը տարածվում է նաև 2014-ին բռնակցված Ղրիմի վրա։ Փոխարենը Շոլցը ասել է, թե բավական երկար ժամանակ Պուտինի հետ հեռախոսով չի խոսել՝ հավելելով, թե «ճիշտ ժամանակին կրկին խոսել նրա հետ»։

Ռուսական ոչ մարտավարական միջուկային զենքը արդեն Բելառուսի ճանապարհին է. Լուկաշենկո

Իսկ Բելառուսի նախագահը երեկ Մոսկվայում հայտարարել է, թե ռուսական ոչ մարտավարական միջուկային զենքը արդեն Բելառուսի ճանապարհին է. - «Բելառուսում պետք է պահեստավորման պատրաստեինք։ Այս ամենը մենք արեցինք։ Արդյունքում սկսվել է միջուկային մարտագլխիկների տեղափոխումը»։

Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր այս տարվա մարտին։ Նրա խոսքով, այդ զինատեսակների պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրները դատապարտել են Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների այս որոշումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG