Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի կամավորական կորպուսը» հայտարարել է Ռուսաստանի տարածք կրկին մտնելու մասին


«Ռուսաստանի կամավորական կորպուսի» մարտիկ, արխիվ
«Ռուսաստանի կամավորական կորպուսի» մարտիկ, արխիվ

«Ռուսաստանի կամավորական կորպուսը» հայտարարել է Ռուսաստանի տարածք կրկին մտնելու մասին։ Տեսանյութում կորպուսի երկու մարտիկներ կանգնած են Բելգորոդի շրջանի Գլոտովո գյուղի փոստային բաժանմունքի աստիճաններին։

«Իհարկե, այս անգամ ոչ մեկին ապացուցելու կարիք չկա, որ մեր տեսահոլովակը նկարահանել ենք ոչ թե Կիևի մարզում, այլ հայրենիքում, այնուամենայնիվ, որոշեցինք նման տեսահոլովակները դարձնել մեր բարի ավանդույթը», - ասում է կորպուսի մարտիկը։

Թե կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը, չի հաղորդվում։ Մայիսի 22-ին Բելգորոդի մարզում բախումներ են տեղի ունեցել Ուկրաինայի տարածքից ներխուժած ստորաբաժանումների հետ։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին «դիվերսանտներին ոչնչացնելոը մասին», իսկ «Ռուսաստանի կամավորական կորպուսը» հերքել էր՝ շեշտելով, թե զոհեր չունեն։

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն արդեն սկսվել է

Մինչ այդ, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն արդեն սկսվել է, իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով, մեկ ու կես հազար կիլոմետր ձգվող ռազմաճակատի առանձին հատվածներում ուկրաինական զորքերը մի քանի օր է արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում։

Հարցազրույցում Պոդոլյակը վստահեցրել է, թե Ուկրաինան չի պատրաստվում օգտագործել դաշնակիցներից ստացած զենքը Ռուսաստանի տարածքում՝ հավելելով. - «Այսօր մենք ունենք Storm Shadow հեռահար հրթիռներ, Leopards, հակահրթիռային համակարգեր, որոնք մեզ են մատակարարել Ֆրանսիան և Իտալիան: F-16 կործանիչներն էլ վերջապես թույլ կտան մեզ փակել օդային տարածքը։ Պարադոքսն այն է, որ եթե մենք ունենայինք դրանք մեկ տարի առաջ, պատերազմն արդեն ավարտված կլիներ»։

Ուկրաինայի զինված ուժերը ձմռանից պատրաստվում են հակահարձակման։ Մայիսի 11-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, թե Կիևին մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք, քանի որ գործընկերների խոստացած ամբողջ զենքը դեռ չի հասել Ուկրաինա։ Երկու օր առաջ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարեց, որ Կիևն արդեն ունի հակահարձակումը սկսելու համար անհրաժեշտ սպառազինություն։

Կարելի՞ է արդյոք Պոդոլյակի այս հայտարարությունը համարել հակահարձկման սկիզբ, պարզ չէ։ Ուկրաինական կողմն ընդհանրապես իր ծրագրերից մանրամասն չի խոսում, հակահարձակման թե' մեկնարկի օրը, թե' ուղղությունը գաղտնի էր պահվում։

Ուկրաինական հակահարձակմանը ակտիվ նախապատրաստվում է նաև ռուսական կողմը։ Մինսկում կայացած հանդիպմանը Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներն այսօր Բելառուսի տարածքում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայման ընթացակարգի վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել։ Սերգեյ Շոյգուն շեշտել է, թե խոսքը Բելառուսին միջուկային զենք փոխանցելուն մասին չէ, դրանց կիրառման որոշումը մնում է Մոսկվային։

Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր այս տարվա մարտին։ Նրա խոսքով, այդ զինատեսակների պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրները դատապարտել են Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների այս որոշումը։


«Վագները» դուրս է գալիս Բախմուտից

«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը այսօր հայտարարել է, որ արդեն սկսել է Բախմուտից դուրս բերել իր վարձկաններին. - «Դուրս ենք գալիս թիկունքային շրջաններ։ Մինչև հունիսի 1ьը կհանձնենք զինվորականներին»։

Ռուսաստանը վերջերս հայտարարեց Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի վերջնական գրավման մասին, քաղաքի համար մարտերը տևեցին ավելի քան 220 օր։ Ուկրաինան մինչդեռ պնդում է, թե իր ստորաբաժանումները դեռևս վերահսկում են քաղաքի մի շարք օբյեկտներ:

«Վագների» ստորաբաժանումները ակտիվորեն մասնակցել են մարտերին և կրել մեծ կորուստներ։ Քաղաքի համար մղվող մարտերի ֆոնին Պրիգոժինը բազմիցս սուր քննադատել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Իսկ մարտի 23 ին տված հարցազրույցում «Վագների» հիմնադիրն ասել է, որ 2022-ի փետրվարին հայտարարված Ուկրաինայի «ապառազմականացման» նպատակի փոխարեն Կրեմլը հասավ հակառակ արդյունքի, և ուկրաինական բանակը դարձավ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։

Իրավիճակը Բախմուտում մինչդեռ մնում է թեժ։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը այսօր հաստատել է, որ Բախմուտի արվարձաններում «Վագների» ստորաբաժանումները փոխարինվել են Ռուսաստանի կանոնավոր զորքերով։ Մինչդեռ հենց քաղաքում վարձկաններն իրենց դիրքերը դեռ չեն թողել, ասել է Մալյարը հավելելով. - «Մեր զորքերը վերահսկում են քաղաքի ծայրամասերը հարավ-արևմտյան մասում՝ Սամոլյոտ թաղամասը»։

Նրա խոսքով, Բախմուտի ուղղությամբ ռուսական ուժերը հրետանային գնդակոծությամբ փորձում են կասեցնել Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։

XS
SM
MD
LG