Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն մայիսի 19-ին


Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ, մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ըստ Անի Բադալյանի՝ նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արգործնախարարների եռակողմ հանդիպում։

Երեկ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ այս շաբաթավերջին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում՝ կրկին եռակողմ ձևաչափով։

Պաշտոնյան, սակայն, չէր հստակեցրել՝ առաջնորդների, թե արտգործնախարարների մակարդակով։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Վաշինգտոնում էր։ Ամերիկյան կողմը քառօրյա բանակցությունները կառուցողական էր որակել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը։ Մինչդեռ Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություններով ընդգծել էին, որ առանցքային հարցերում տարաձայնությունները պահպանվել են։

XS
SM
MD
LG