Մատչելիության հղումներ

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովից․ Մերձդնեստրը համաձայն չէ


Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսու
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսու

Չճանաչված Մերձդնեստրի խորհրդարանի անդամ Անդրեյ Սաֆոնովը այսօր ասել է, որ Մերձդնեստրը չի ընդունում ԱՊՀ-ից և Ռուսաստանից անջատվելու Մոլդովայի իշխանությունների կուրսը։

Նրա կարծիքով՝ Մերձդնեստրի վրա աճող ճնշումների պայմաններում ճիշտ կլինի, որ Ռուսաստանը հաստատի սեփական ճակատագիրն ընտրելու Մերձդնեստրի ժողովրդի իրավունքը։

Ըստ Սաֆոնովի՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը չեղարկելուց հետո, ճիշտ կլինի Ռուսաստանը հայտարարի, որ Մերձդնեստրից ռուսական ուժերը դուրս բերելու հարց այլևս չկա։

Նախօրեին Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ճեպազրույցում ասել է, որ ժողովրդի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահի ու կառավարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել դուրս գալ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովից։

«Դա առաջին քայլն է։ Կառվարության և խորհրդարանի մակարդակով մենք կնախաձեռնենք այլ քայլեր ևս»,- ասել է նա։

Գրոսուն նշել է, որ Մոլդովան ԱՊՀ-ի հետ ընդհանուր սահման չունի, ԱՊՀ-ի անդամակցությունը երկրին չի օգնել լուծել խնդիրները, ոչ մի ազդեցություն չի ունեցել մերձդնեստրյան հակամարտության կարգավորման վրա և չի օգնում տնտեսությանը։

«Խորհրդարանի մշտական բյուրոյի հաջորդ նիստին ես վարչապետին առաջարկ եմ ներկայացնելու՝ չեղարկել Մոլդովայի մասնակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- ասել է նա։

ԱՊՀ-ն ստեղծվել է 1991 թվականին, նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո։

XS
SM
MD
LG