Մատչելիության հղումներ

Ուկրաինական զինվորները տարածքներ են ազատագրել Բախմուտում. Աննա Մալյար


Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյար
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, թե կիրակի օրը ուկրաինական զինվորները տարածքներ են ազատագրել Բախմուտում։

«Այսօր մեր ստորաբաժանումները հյուսիսում և հարավում Բախմուտի արվարձաններում գրավել են թշնամու ավելի քան տասը դիրքեր։ Հակառակորդի զինվորները գերի են ընկել», - գրել է Մալյարը՝ հավելելով, որ քաղաքում շարունակվում են ինտենսիվ մարտերը, և վստահեցնելով, թե ռուսներին չի հաջողվի շրջապատել ու գրավել Բախմուտը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյանը գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել էր, թե «Բախմուտի ազատագրումը կլինի ուկրաինական հակահարձակման նախերգանքը»։

Զելենսկին այցելում է եվրոպական մայրաքաղաքներ

Ուկրաինական մեծ հակահարձակումից առաջ նախագահ Զելենսկին այցելում է եվրոպական մայրաքաղաքներ և պայմանավորվածություններ է ձեռք բերում ռազմական օգնության մասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ուկրաինական բանակին հավել յալ ժամանակ և ավելի շատ զինտեխնիկա է պետք վճռորոշ հակահարձակմանը լավ պատրաստվելու համար։

Գերմանիայում Զելենսկին վստահեցրել է, որ եթե լինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուկրաինական բանակին, այս տարի հնարավոր կլինի հաղթել ռուսներին. - «Հիմա ժամանակն է, որ մենք որոշենք վերջ տալ պատերազմին։ Մենք կարող ենք արդեն այս տարի անդառնալի դարձնել ագրեսորի պարտությունը»։

Կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին հայտարարել է Կիևին 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Հակահարձակումից առաջ ռազմական օգնություն Կիևը ստանում է նաև Փարիզից։ Երեկ Զելենսկու հետ բանակցություններից հետո նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով ու թեթև տանկերով։

Այսօր Ուկրաինայի նախագահը Լոնդոնում է։ Արդեն հայտնի է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա ամիսներին Ուկրաինա ուղարկել ավելի քան երկու հարյուր կիլոմետր հեռահարությամբ հարյուրավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև երկիր-օդ հրթիռային համակարգեր։

Դեռ չկա պաշտոնական հայտարարություն Ուկրաինային արդիական կործանիչներ փոխանցելու վերաբերյալ, բայց հարցն օրակարգում է։ Կիևը մտադիր է նաև այս հարցում հասնել դրական արդյունքի։

Մեծ Բրիտանիան գալիք ամռանը կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը F-16 կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար։ Երկրի իշխանությունները, ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, այլ երկրների հետ միասին աշխատում են Ուկրաինային այդ կործանիչների որոշակի քանակ տրամադրելու ուղղությամբ։

Զելենսկու հետ հանդիպմանը վարչապետ Սունակը ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահին ընդունում է մի սենյակում, որտեղից Ուինսթոն Չերչիլը հանդես էր գալիս իր ամենահայտնի ելույթներով. - «Հիմա այստեղ Դուք եք՝ խիզախ ուկրաինացիների առաջնորդը, և մենք կքննարկենք մեր հետագա աջակցությունը Ուկրաինային»։

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան առաջինը առայժմ միակը Ուկրաինային տրամադրել էր մինչև երկու հարյուր հիսուն կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ։

Մինչ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման, Ռուսաստանի իշխանությունների և Պուտինի մտերիմ գործընկեր, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի միջև հակամարտությունը է'լ ավելի խորանում։ The Washingto Post-ի գրել է, թե համացանցում հայտնված Պենտագոնի փաստաթղթերից մեկի համաձայն, Պրիգոժինը հունվարին առաջարկել էր զինվորականների դիրքերի մասին տեղեկատվություն փոխանցել ուկրաինական հետախուզությանը՝ եթե ուկրաինական բանակը դուրս բերի զորքերը Բախմուտից։ Պաշտոնական Կիևը, ինչպես նաև Պրիգոժինը սա հերքել են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG