Մատչելիության հղումներ

Բաբկեն Թունյանն ընտրվել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ


Լուսանկարը՝ Թունյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Թունյանի ֆեյսբուքյան էջից

Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍՏԾՀ) գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։ Այդ մասին Թունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Նշելով, որ թեև, ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի, նիստը «փուչիկներով շոու» է, իրականում, Թունյանի բնորոշմամբ, այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկն է։

Իշխանական պատգամավորը դեռ չակերտներ չի բացում, սակայն խոստանում է առաջիկա օրերին ավելի հանգամանալից խոսել:

Հայկական պատվիրակությունն, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարա է մեկնել մայիսի 3-ին՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին, Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։

Այցի շրջանակներում Ալեն Սիմոնյանը հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ, բարձրացրել Հայաստանի առջև փակված օդային տարածքի հարցը։ Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը:

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG