Մատչելիության հղումներ

«Պոլիգրաֆում» ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելու հարցով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել


Շուրջ տասն օր առաջ ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում, ուժի կիրառմամբ, խուզարկություն էին կատարել «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում։ Բաժին տարված 41 քաղաքացիներից 4-ը ձերբակալվել էին։

Իրավապահները հայտնել են, որ ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տեսակի թմրամիջոցներ ու հայտնաբերվել փաթեթավորված տարբեր անհայտ զանգվածներ։

Երեկ իշխանական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեցին, թե մեծաթիվ ռեսուրսի կիրառմամբ, ի վերջո, ի՞նչ է բացահայտվել։

«Ի՞նչ քանակությամբ թմրանյութեր են գտնվել», - հարցրեց Կարապետյանը։ Աղաջանյանն էլ հավելեց․ - «Այս տիպի հաստատությունները նրանք են, որոնք ամենամեծ տուրիստական շարժերը և հոսքերն ունեն։ Ինչո՞ւ են այս տեսակի հաստատություններում այդ ռեյդերն իրականացվում»։

Վահե Ղազարյանը պատասխանեց, թե իրենց գործողություններով ոչ մի տնտեսվարողի չեն թիրախավորել, օպերատիվ տեղեկություն են ունեցել ու պարտավոր են եղել գնալ դրա հետքերով։

«Արդյունքի մասին մոտ օրերս դուք կլսեք, բավականին մեծ աշխատանք է տարվել։ Ամեն անգամ մենք ռեյդեր չենք անում։ Կատարել ենք մեր գործառույթները։ Եթե մենք չունենայինք այդտեղ արդյունք, դա հարցի մյուս կողմն է։ Կամայական կամ ինչ-որ անձնավորված, թիրախավորված օբյեկտներ չենք մտնում», - ասաց Ղազարյանը։

Դեպքից հետո հասարակական կազմակերպությունները հայտարարել էին՝ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ակումբի այցելուների նկատմամբ, ոչ իրավաչափ գործողություններ իրականացրել։

Ներքին գործերի նախարարն ասաց՝ ծառայողական քննություն էին սկսել, պարզելու՝ որքանո՞վ է իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները, բայց քանի որ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, դադարեցրել են դա։

Կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ վարույթը նախաձեռնվել է երկու օր առաջ, երբ դատախազությունը ստացած ահազանգերը փոխանցել է իրենց։

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ազգային անվտանգության խնդիր համարեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճը։

«Ծավալն այնքան շատ է, և օգտագործողների քանակն այնքան է մեծացել, որ մենք Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել, տրվել են հանձնարարականներ», - ասաց վարչապետը։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG