Մատչելիության հղումներ

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը համացանցով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքում


Երևանում՝ մարդաշատ վայրերում, կամարանցումներում և շենքերի վրա կարելի է տեսնել տարբեր թելեգրամյան ալիքների հղումներ, որոնք թմրանյութերի ապօրինի վաճառքով են զբաղվում։ Բավական էր մեկ գրառում համացանցում, երբ մեզ դիմեցին թմրանյութից կախվածություն ունեցող ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ, կամ նրանց հարազատները։

Ներկայանալ չցանկացող մի երիտասարդ կին պատմեց՝ իր եղբայրը, որ հիմա արդեն հոգեբուժարաններից մեկում է, հենց տելեգրամյան ալիքով է գնել թմրանյութը. - «Բնականաբար, մենք զգացինք, որ իր մոտ տարօրինակություններ են սկսվում, որովհետև ինքը միանգամից ա փոխվել, միանգամից դարձավ հոգեկան հիվանդ: Փաստորեն, Տելեգրամ ալիքով մարդիկ կարողանում են էդ ամեն ինչը ձեռք բերեն: Ես իրա հեռախոսի մեջ եմ նկարները տեսել: Տեղ ա, որտեղ սլաքը դրված ա, մարդիկ գումարը ինչ-որ հաշվեհամարի փոխանցում են, գնում են այդտեղից վերցնում են»:

Շենքի պատին գովազդվող ալիքներից մեկը ցույց տվեցինք այսպիսի գործերով զբաղվող դատախազ Գևորգ Սարգսյանին, ասաց՝ բացահայտել են, որ էջը կառավարողները Հայաստանում չեն. - «Սակայն նշված տելեգրամյան ալիքի համար աշխատած, թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծած, դրանք Հայաստանի Հանրապետությունում տեղադրած և տեղադրման գործընթացը կազմակերպած.... օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման վերաբերյալ մի քանի դեպքեր բացահայտվել են: Դրանցից մեկը գտնվում է դատարանում, երկու անձ դրանով հանդիսանում են արդեն ամբաստանյալներ և դատական քննությունը շարունակվում է»:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համացանցով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքում նաև Հայաստանում։ Մտահոգիչ են հատկապես պաշտոնական թվերը՝ 2022 թվականին, օրինակ, ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ 95 տոկոսով։

Դատախազ Գևորգ Սարգսյանը չի ընդունում, որ սա իրավապահների թերի աշխատանքի հետևանք է, հակառակը՝ թվերն, ըստ նրա, աճել են նաև իրենց բացահայտումների շնորհիվ։ Ասաց՝ միայն վերջին 3 տարիներին համացանցով թմրանյութերի ապօրինի վաճառքի առնվազն 4 խոշոր խումբ են հայտնաբերել, 2 տասնյակից ավելի մարդ մեղադրյալի կարգավիճակ ունի, շրջանառվող գումարն էլ հասնում է մի քանի միլիոն դոլարի:

«Օրինակ՝ մեր օտարերկրյա իրավապահ մարմինների, գործընկերների հետ քննարկումների ընթացքում նույնիսկ նրանք զարմանում են այն հստակ ճիշտ ուղղությունների և ճիշտ կիրառված մեթոդիկայի վրա, որոնք կիրառվել են հայ իրավապահ մարմինների կողմից: Շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրների իրավապահ մարմինների մոտ նույնպես առկա են բոլոր այն բարդությունները, որոնք առկա են հայ իրավապահ մարմինների մոտ», - նշեց դատախազը:

Մեր անանուն զրուցակիցն ասաց՝ փորձում է դուրս գալ տասը տարվա կախվածությունից, կյանքը դժոխքի է վերածվել։ Անհանգստացած է հատկապես երիտասարդների համար, որոնք համացանցով կարողանում են ձեռք բերել թմրանյութեր ու հայտնվել այդ չարիքի ճիրաններում։ Սեփական փորձից է ասում՝ ապրեք, մի սպանեք ձեզ:

«Ցավ եմ ապրում ջահելների համար, հետ կանգնեք էս ամեն ինչից, էս դաժան ա, թշնամուս չեմ ցանկանա սենց ցավեր: Մարմնիդ մեջ՝ մի վայրկյանի մեջ բութ մատից մինչև գլխիդ մազի ծերը այ տենց արագությամբ հելնում իջնում ա, դու չես կարում էդ ցավը բռնես, որ հասկանաս՝ որ տեղդ ա ցավում, լյարդդ ա ցավում, սիրտդ ա ցավում, թե որ տեղդ ա ցավում, չես կարողանում հասկանաս», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Թմրանյութերի ապօրինի շրջանառվող դեպքերը աճել են 95 տոկոսով
please wait

No media source currently available

0:00 0:06:30 0:00

Պաշտոնական թվերի աճն առավել շոշափելի է հատկապես կախվածությունների բուժման կենտրոնում։ 2021-ին այս կենտրոն է դիմել 76 կին, մեկ տարի անց նրանց թիվն աճել է 40-ով։ Թեև 2021-2022-ին ընդամենը 2-ով է աճել անչափահասների թիվը, այդուհանդերձ կենտրոնի բուժական գծով փոխտնօրենի խոսքով՝ սա շատ անհանգստացնող ցուցանիշ է:

«Հիվանդությունը երիտասարդանում է, դա հիվանդների շրջանում կանանց թվի աճն է և, ցավոք սրտի, դեռահասների թվի աճը: Ես չէի ասի, որ դրանք կատաստրոֆիկ թվեր են, մեծ թվեր են, բայց ամեն դեպքում աճը կա», - նշեց փոխտնօրենը:

Հայաստանում հիմնականում սինթետիկ ծագման ժամանակակից թմրանյութերն են տարածված, որոնք մասնագետների խոսքով՝ հոգեբանական կախվածություն են առաջացնում։ Ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձով նարկոգոլ Գայանե Վարդազարյանը պնդում է, եթե թմրանյութից ֆիզիկական կախվածության ունեցող մարդուն հնարավոր է դեղերի օգնությամբ դուրս բերել այդ վիճակից, ապա հոգեբանական կախվածությունից բուժելը շատ դժվար է:

«Տրամադրության բարձրացում, հոգեշարժական ակտիվություն, չեն քնում գիշերները, չեն ուտում, առաջանում են հոգեկան խանգարման ախտանշաններ, զառանցական մտքեր են առաջանում, հիվանդը, ընդհանրապես գործածողը, նույնիսկ էպիզոտիկ գործածման դեպքում կարող է տանել փսիխոտիկ խանգարում՝ անկանխատեսելի հետևանքներով: Եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ կարող են մեկ անգամ օգտագործել և վերահսկել իրենց վարքը, երբեք ոչ ոք չի կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա տվյալ թմրամիջոցը տվյալ մարդու հոգեկան աշխարհի վրա», - ներկայացրեց Վարդազարյանը:

20 հազար հետևորդ ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը, որտեղ առնվազն 50 խանութ էր գործում, վերջերս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Համացանցով թմրանյութերի ապօրինի վաճառքն, ըստ դատախազի, խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։ Արագ աճող թվային աշխարհում ամեն բացահայտվող դեպքից հետո, ասում է, վաճառողները նոր մեթոդների են անցնում, իրենք էլ նրանց հետևից փորձում են հասցնել։

Մինչ այդ թմրանյութերից կախվածություն ունեցող քաղաքացիները կամ նրանց հարազատները տարակուսած են՝ եթե իրավապահներն այդքան լավ են աշխատում, ապա ինչպե՞ս են այդ թմրանյութերը Հայաստան մտնում ու անարգել տարածվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG