Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չքննելու դատախազության որոշումը քաղաքական է. Դանիել Իոաննիսյան


Փակելով Ազգային ժողովի նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպի էջը՝ Գլխավոր դատախազությունը պատճառաբանում է, թե առաջնորդվել է 11 տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած մի վճռով։

Ըստ դրա՝ արարքը չի կարող համարվել խուլիգանություն, եթե հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի հասցեին անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, անպարկեշտ արտահայտությունը նախ հնչեցրել է Կարեն Մկրտչյանը, ինչին էլ հաջորդել են ենթադրյալ զարգացումները, հայտնում են դատախազությունից։

«Եթե դատախազության ասելով՝ սա նորմալ է, իսկ դատախազությունն, ըստ էության, սա է ասում, ապա մենք ապրում ենք շատ տխուր երկրում, որտեղ կարող են շատ տխուր զարգացումներ լինել այն առումով, որ կարող է թքելը դառնալ նորմալ երևույթ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանն ապրիլի սկզբին, Կասկադում տեսնելով Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո, ըստ սփյուռքահայի, ԱԺ նախագահի թիկնապահները բռնել էին իր ձեռքերը, Սիմոնյանն էլ թքել էր իր դեմքին։ Խորհրդարանի խոսնակը ուղիղ չէր հաստատել թքելու դրվագը, բայց աղմկահարույց միջադեպից մի քանի օր անց ներողություն էր խնդրել Հայաստանի քաղաքացիներից։ Նա նաև հերքել էր, թե իր թիկնապահները բռնել են քաղաքացու ձեռքերը։

Միջադեպից հետո իրավապահներին բողոք էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ հենց սկզբից պնդում էր՝ Սիմոնյանի արարքը խուլիգանություն է, տարակուսած է իրավապահների եզրահանգումից՝ մարդու ձեռքերը բռնել ու թքել երեսին ու չպատժվե՞լ, հարցնում է նա ու պնդում՝ դատախազության որոշումը քաղաքական է։

«Իրենք սա ակնհայտորեն կատարում են քաղաքական մոտիվացիայով, և առավել ևս այն, որ սա տևում է արդեն մեկ ամիս»։

Մինչդեռ դատախազությունից հայտարարում են. - «Ակնհայտ է, որ Սիմոնյանի ենթադրյալ գործողությունները պայմանավորված են եղել Կարեն Մկրտչյանի վարքագծով և առերևույթ ուղղված են եղել նրա դեմ, այլ ոչ թե հասարակության, ինչը վկայում է անձի արարքում խուլիգանական դրդումների բացակայության մասին, իսկ այդ պայմաններում այս ենթադրյալ դեպքին ողջամտորեն հնարավոր չէ տալ գնահատական՝ Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով»։

Դանիել Իոաննիսյանը, սակայն, ընդգծում է՝ անցած տարի ընդունված Քրեական օրենսգիրքը առավել հստակեցրել է՝ ինչն է համարվում խուլիգանություն։ Իսկ դատախազության վկայակոչած Վճռաբեկի որոշումը վերաբերում է նախկին օրենսգրքի ժամանակահատվածին։

«Հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով՝ խուլիգանության» բնորոշումն է մեջբերում Իոաննիսյանը։

«Ըստ էության, քաղաքացուն ձեռքերից բռնելով անշարժացնելն ու նրա դեմքին խփելը ոչ այլ ինչ է, քան այս դիսպոզիցիայի տակ ընկնող արարք, և այս դիսպոզիցիայի հետ կապված չկա Վճռաբեկ դատարանի որոշումը, որը որևիցե բան կասեր առհասարակ», - շեշտեց ՀԿ ղեկավարը։

Նման ելքը կանխատեսելի էր. փաստաբան

Սփյուռքահայ տղամարդը հենց սկզբից հայտարարել էր՝ չի վստահում իրավապահներին ու չի դիմի նրանց։ Նման ելքը կանխատեսելի էր Կարեն Մկրտչյանի համար, դրա համար էլ չդիմեց իրավապահներին, ասում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը. - «Ոչ թե մենք իրավաբանության հետ գործ ունենք, այլ կրուտիտի հետ»։

Փաստաբան Հարությունյանն էլ, իր հերթին, ընդգծում է՝ դավաճան բառը վիրավորանք չէ, այլ քաղաքական գնահատական, բայց եթե անգամ իրավապահներն այն վիրավորական են որակել, միևնույն է՝ սա շատ վատ նախադեպ կդառնա։

«Նախադեպ է ստեղծվում, որ պաշտոնյան ամենաթողության դաշտում է և իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ, կամ մյուս պատգամավորները օրինակ են վերցնելու իրենց խոսնակից», - նկատում է նա։

Փաստաբանը հիշեցնում է երկու շաբաթ առաջ խորհրդարանում ընդդիմության և իշխանության միջև բանավեճը, երբ Սիմոնյանը հայտարարել էր՝ «բա պետք լինի, կթքեմ»։

«Արդեն մենք գործ ունենք խուլիգանության ռեցեդիվիստի հետ», - ասում է Սերգեյ Հարությունյանը՝ հիշեցնելով վերջերս իշխանական այլ պատգամավորների վարքագիծը՝ օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանին Արթուր Հովհաննիսյանը սպառնացել էր՝ «լեզուդ, ականջներդ կկտրեմ»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի արարքում ևս իրավապահները հանցակազմ չեն տեսել։

Իշխանավորների այս վարքագիծը կարող է դառնալ սովորական, եթե իրավապահները շարունակեն չգործել, ասում է փաստաբանն ու հիշեցնում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին արագ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու խուլիգանության հոդվածով մեղադրելու՝ իրավապահների փութաջանությունը։

Դանիել Իոաննիսյանն, իր հերթին, ընդգծում է՝ Սիմոնյանի արարքը նման է ընդդիմադիր Մհեր Սահակյանի արարքին՝ երկուսն էլ խուլիգանություն են։ Սահակյանը խորհրդարանում թեժ բանավեժի ընթացքում հարվածել էր իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Եվ մինչ ԱԺ նախագահը փակել է թքելու էջն ու իրեն դավաճան անվանելու համար չի պատրաստվում դիմել դատարան, ընդդիմադիրները հայտարարում են՝ այս մասին կխոսեն վաղը՝ հենց խորհրդարանում, որտեղ գլխավոր դատախազը կներկայացնի տարեկան զեկույցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG