Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում


Ավելի քան մեկ տարի առաջ հրաժարական տված Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից միայն փոխանցում են՝ իրականացվում է նախաքննություն։

Իրավապահները չեն մանրամասնում՝ ինչո՞ւ և ե՞րբ են գործը փոխանցել քննչականին, ի՞նչ կարգավիճակ ունի նախկին նախագահը, արդյո՞ք հարցաքննվել է և ի՞նչ եզրահանգման են եկել՝ հետաքննող լրագրողների՝ անցած տարվա բացահայտման վերաբերյալ։

2018-ին Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելուց մեկ ամիս առաջ «Հետք» պարբերականը հրապարակել էր բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Անցած տարի էլ հետաքննող լրագրողները հրապարակեցին, որ մինչև նախագահ դառնալը Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային գոտի համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Հայաստանի Սահմանադրության համաձայն` նախագահը վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի։

Անցած երկու տարվա քննության արդյունքների մասին իրավապահները շարունակում են լռություն պահպանել, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու են գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխել Քննչական կոմիտե, արդյո՞ք դա նշանակում է՝ նոր թափ կհաղորդվի քննությանը։

«Արդեն պաշտոնից դուրս է եկել այդ մարդը ու ակտուալի չի, բայց դա հեչ նշանակություն չունի, բոլոր դեպքերում մենք կարող ենք նաև արձանագրել, որ պատշաճ չեն քննչական մարմինների ջանքերը քրեական գործով արդյունավետ քննություն իրականացնելու ուղղությամբ», - ասաց Սաքունցը:

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության թեման շրջանառվեց 2018-ին Հանրապետական իշխանության կողմից դեռ նրա առաջադրման ժամանակ։ 2018-ի մարտի 1-ին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հարցը բարձրացրել խորհրդարանում:

«Արդյոք մենք ունե՞նք ձեռքի տակ փաստաթուղթ պաշտոնական, թե պարոն Սարգսյանը երբ է հրաժարվել քաղաքացիությունից Մեծ Բրիտանիայի և դիմումը համապատասխան երբ է գրվել, երբ է Բրիտանիայի օրենսդրության համապատասխան ուժի մեջ մտել և այդպես շարունակ», - հարց է հնչեցրել Փաշինյանը:

Այս հարցին Նիկոլ Փաշինյանն ինքը պատասխանեց շուրջ երկու ամիս անց՝ իր առաջնորդած հեղափոխության հաղթանակից օրեր անց. - «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Ինքն՝ Արմեն Սարգսյանը, հրաժարականից առաջ «Հետք»-ին հայտնել էր, որ ինքը Սենթ Քիթսում և Նևիսում քաղաքացիություն է ստացել ներդրումների դիմաց, բայց 2013-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին վերադարձնել պետությանը։ Տարիներ անց, սակայն, տեղեկացել է, որ այդ հարցով զբաղվող անձը մահացել է, և իր խնդրանքն էլ չի կատարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG