Մատչելիության հղումներ

Արմեն Խաչատրյանը բացառում է, թե Երևանը նախաքննության փուլում Բաքվին կվերադարձնի կալանավորված ադրբեջանցիներին


Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական փոխնախագահ Արմեն Խաչատրյանը բացառում է, թե Երևանը նախաքննության փուլում Բաքվին կվերադարձնի Սյունիքում ձերբակալված, այնուհետև կալանավորված ադրբեջանցի զինվորականներին։

«Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում, ինչի՞, որովհետև եթե տեղի է ունեցել հանցագործություն, մարդասպանություն, սահմանի խախտում և այլն, դա պետք է ամբողջությամբ քննվի, որակվի, պարզաբանվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո արդեն քաղաքական պրոցեսների մեջ, ասենք, բանակցություններ և այլն... Ամեն դեպքում հիշեք, որ մենք էլ այնտեղ գերիներ ունենք: Ի՞նչ պրոցեսներ կընթանան, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ ասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, մինչև վերջ գնալու է և արարքը որակվելու է և այդ հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ի՞նչ խնդիրներ կլինեն, քանի տարի հետո ով որտե՞ղ կհայտնվի, ի՞նչ միջպետական պայմանավորվածություններ կլինեն, դա չեմ կարող ասել», - նշեց Խաչատրյանը:

Արդյոք Երևանը Բաքվի հետ քննարկում է անցած շաբաթասկզբին Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողներին Ադրբեջանին հանձնելու հարցը, պաշտոնապես չի հստակեցվում։

Օրերս ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարարը պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Պաշտոնյան պնդել էր, թե զինվորները «գերեվարվել են, իսկ նրանցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել»։

Արդյոք իշխանությունները այս փուլում կալանավորված 2 ադրբեջանցուն կփոխանակեն Բաքվում պահվող հայ գերիների հետ, իշխանական պատգամավորն այդ տարբերակը ևս բացառեց։ Բաքվում, ըստ պաշտոնական տվյալի, 33 հայ գերի կա։

«Նախաքննություն ընթացքում, գուցե սխալվում եմ, բայց ես բացառում եմ», - ասաց խաչատրյանը:

Հայաստանի սահմանն ապօրինի հատելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար մեղադրվող ադրբեջանցիներից մեկին՝ Ագշին Բաբիրովին բնակիչները բռնել էին ապրիլի 10-ին՝ Սիսիանի Աշոտավան գյուղում, երկրորդին՝ Հուսեյն Ախունդովին, երեք օր անց արդեն Կապանի մոտակայքում։

Ախունդովը մեղադրվում է նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության հոդվածով։ Ըստ Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հենց նա է ապրիլի 12-ին սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին։ Քաղաքացին ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:

Դատախազության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը ցանկացել է ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով էլ հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, դրանով տեսաուղերձ ձայնագրել ու հրապարակել, հետո էլ փորձել գործարկել տարածքում կայանված մեքենան, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի:

Հանցագործության համար բանտարկված ադրբեջանցիներին հայ ռազմագերիների հետ փոխանակելու նախադեպ եղել է։ 2014-ին Արցախում սպանության ու դիվերսիայի համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին 12 այլ ադրբեջանցիների հետ միասին Հայաստանը Ադրբեջանին փոխանցեց 2020-ի դեկտեմբերին՝ պատերազմից մեկ ամիս անց։ Այդ ժամանակ Ադրբեջանն էլ Հայաստանին վերադարձրեց 44 հայ ռազմագերիների։ Հայտարարվեց, որ փոխանակումը իրականացվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

XS
SM
MD
LG