Մատչելիության հղումներ

Կոմբինատի պահակին սպանել է Հայաստան ներթափանցած ադրբեջանցի Ախունդովը. Դատախազություն


Գլխավոր դատախազությունը մոտ մեկ շաբաթ անց հաստատում է՝ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովն է սպանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին։

Կառույցը պաշտոնական հաղորդագրությամբ մանրամասնում է, որ պարզվել է՝ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից Ախունդովը ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետ, ՀՀ քաղաքացի Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու նպատակով, հետագայում դարձյալ սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու համար, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել տղամարդու նկատմամբ, հափշտակել է նրա բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի:

Ախունդովը, ըստ դատախազության, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով, որ «իրենք դավաճան չեն, գլխատել են 400-ից 500 հայերի», հույս ունեն հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Նա այդ տեսաուղերձը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում, գնացել է Սյունիքի Աճանան գյուղի ուղղությամբ և արդեն ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Կառույցը երեկ էր հայտնել, որ Հայաստան ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են:

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել է, և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար:

Իրավապահ կառույցը նաև փոխանցում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությունում երեկ ստացվել են Ախունդովի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնի զննությամբ արձանագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկանքները, որոնք նույն օրն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ մարմնական վնասվածքների առաջացման հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահ մարմինները մինչ այս պաշտոնապես չէին հաստատել սպանության փաստը, սակայն այսօր ավելի վաղ իշխանական ևս մեկ պատգամավոր՝ Նարեկ Ղահարմանյանն էր «Ազատության» հետ զրույցում ասել՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանել է Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը։ Ավելին՝ ծնունդով կապանցի պատգամավորի խոսքով, ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է սպանության մասին։

Թե ինչու մինչ այս պահը իրավապահները չէին հայտարարում այդ մասին, պատգամավորն ասել էր, թե գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին։

XS
SM
MD
LG