Մատչելիության հղումներ

Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ և տուգանքներ կիրառելու հարց չի քննարկվում. սպորտի փոխնախարար


Սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, արխիվ
Սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, արխիվ

Ադրբեջանի դրոշն այրելու պատճառով Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ և տուգանքներ կիրառելու հարց չի քննարկվում, վստահեցնում է սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ նման լուրերը մտացածին որակելով:

«Բացարձակ այդպիսի հարցեր չեն քննարկվում, ինձ մամուլում նաև պատահել է՝ ինչ-որ ֆինանսական տուգանքների մասին են գրում, դա ուղղակի անիրական և հորինածին բաներ են, այնպես որ խնդրում եմ՝ ավելի սառը դատել», - նշեց Գիլոյանը:

Ուրբաթ երեկոյան՝ ծանրամարտի եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում ոճաբան Արամ Նիկոլյանը խլեց Ադրբեջանի դրոշն ու մասամբ այրեց այն։ Հաջորդ առավոտյան հարևան երկիրը հետ կանչեց իր 4 մարզիկներին՝ տեղի ունեցածը գնահատելով «բարբարոսական ակտ» ու «ադրբեջանատյացության դրսևորում»։ Կատարվածը խստորեն դատապարտեց նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան՝ միջադեպը համարելով «հարձակում մարզական արժեքների անձեռնմխելիության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների դեմ»։ Միջազգային կառույցը նաև տեղեկացրեց՝ դիտարկում են լրացուցիչ միջոցներ ընդունելու հնարավորությունը, սակայն մինչ այս պահը չի հստակեցրել, թե ինչ միջոցներ նկատի ունեն։

«Բանակցությունները շարունակում ենք և որովհետև այդ տհաճ միջադեպը սպորտային մասին չի առնչվում, դրա համար կարծես թե ավելի մեղմ է հիմա վերաբերմունքը, ու մենք էլի փորձում ենք ցույց տալ ապացուցել, որ սպորտային մասում որևէ խնդիր չկա, մենք բոլոր մարզիկների, անկախ երկրից, բոլորի անվտանգությունն ապահովում ենք, որևէ մեկի հետ ֆիզիկական խնդիր չի եղել, որևէ մեկը չի տուժել», - ասաց Կարեն Գիլոյանը:

Այդուհանդերձ, միջադեպը կարող է Հայաստանին հետագայում խանգարել։ Մասնավորապես, Հայաստանը հաջորդ տարի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել։ Նման դիմում են ուղարկել նաև 4 այլ երկրներ՝ Ալբանիան, Բահրեյնը, Պերուն և Վենեսուելան։ Պատասխանատուները դեռ երկու օր առաջ հայտարարեցին՝ կատարվածը բացասաբար կազդի Հայաստանի վարկանիշի վրա:

«Այս պահին ասում են՝ կսպասենք, թե ինչպես կավարտվի մրցումը, եթե մինչև մրցման ավարտը որևէ տհաճ բան չպատահի, եթե մենք ամեն ինչ անենք, այնպես, ինչպես այս առաջին երեք օրերին է եղել, իրենք երևի հուլիսին կամ այդ ամիսներին կկայացնեն վերջնական որոշում», - նշեց սպորտի փոխնախարարը:

«Ազատությունը» հարցում է ուղարկել նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա՝ հետաքրքրվելով՝ քննարկո՞ւմ են արդյոք պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, թե՝ ոչ, և ինչպե՞ս միջադեպը կանդրադառնա հաջորդ տարի մրցաշարը հյուրընկալելու շանսերին:

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությանը մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետություններ: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս միջոցառման մարզական մասի կազմակերպման հետ որևէ խնդիր չի առաջացել, միջազգային պատվիրակությունները գոհ են:

«Ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղար, տեղակալներ, կարճ ասած, բոլոր պաշտոնյաները, արտասահմանցիներ, նաև այլ երկրների ֆեդերացիաների նախագահներ, օրինակ, Գերմանիայի ֆեդերացիայի նախագահը, Ռումինիայի ֆեդերացիայի նախագահը շատ գոհ են ամեն ինչից», - նշեց Գիլոյանը:

Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի համար։ Օլիմպիական ուղեգրի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն 3 խոշոր մրցաշարի։ Երևանում անցկացվող միջոցառումը դրանցից մեկն է։ Ստացվում է՝ Ադրբեջանը բաց է թողնում վարկանիշային այս առաջնությունը։

Մրցաշարը կավարտվի ապրիլի 23-ին։

XS
SM
MD
LG