Մատչելիության հղումներ

Լու Բոնոն հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով» 


Հայաստանում է Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն։ Նա արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան հետ։ Այս պաշտոնին փետրվարին նշանակվելուց հետո սա արդեն ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է տարածաշրջան։

«Գրիգորյանը Բոնոյին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից 3 օր առաջ Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է՝ կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար»,- հաղորդում է Անվտանգության խորհուրդը։

Լու Բոնոն տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնում են, որ դիվանագետը հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով»։

«Պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին կայացած հանդիպումից հետո, ինչպես նաև մարտին պետքարտուղարի ու երկու երկրի ղեկավարների հեռախոսային խոսակցություններից և անցյալ ամիս Բոնոյի տարածաշրջան գալուց հետո այս այցը խոսակցությունը շարունակելու հնարավորություն կլինի Բոնոյի համար։ Խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ ներգրավվածության վերջին ջանքերը հուսադրող են մեզ համար, և Բոնոն հուսով է, որ այդ պահն օգտագործելով հնարավոր կլինի կառուցել հետագա քայլերը», - հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Մինչ ամերիկյան կողմը խոսում է խաղաղության գործընթացում կողմերի հուսադրող ջանքերի մասին, երեք օր առաջ Սյունիքի Տեղ գյուղում կատարված միջադեպը հայկական կողմից խլեց 4, ադրբեջանական կողմից առնվազն 3 հոգու կյանք։

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ծրագրած հնարավոր էսկալացիայի նախապատրաստման շրջանակում. ԱԽ քարտուղար

Երեկ կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում սադրանքի է դիմել, ինչի հետևանքով եղել է միջադեպը։ Երեկոյան արդեն ԱԽ քարտուղարը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասաց՝ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ծրագրած հնարավոր էսկալացիայի նախապատրաստման շրջանակում։

«Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին, հնարավոր էսկալացիայի մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև հետախուզական տվյալներին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը նախապատրաստվում էր, և այդ միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ, այսինքն՝ Ադրբեջանի պատրաստվող հնարավոր էսկալացիայի մի մաս է կազմում և պանի մի մաս է կազմու այս պրովոկացիան, որը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում», - ասել է Արմեն Գրիգորյանը։

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդական ջանքերի մեծ մրցակցություն կա. քաղաքական մեկնաբան

Ինչու է ամերիկյան կողմը խոսում խաղաղության գործընթացում եղած հուսադրող ջանքերի մասին, երբ կա էսկալացիայի մեծ վտանգ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վստահ է՝ Վաշինգտոնում լավ տեղյակ են՝ ինչ է կատարվում հայ-ադբրեջանական սահմանին, իսկ երկու օր առաջ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի» էր որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը։ Բադալյանի կարծիքով՝ չնայած Տեղ գյուղի բախմանը՝ Հայաստանի ու Ադբրեջանի միջև չի դադարել հեռավար խոսակցությունը խաղաղության պայմանագրի կետերի շուրջ։

«Բայց գործընթացի առկայությունն ամենևին չի նշանակում կայուն իրողություն և կողմերի միջր փոխհամաձայնության գերակայում», - ասաց նա։

Արդյո՞ք Լու Բոնոյի տարածաշրջան այցի նպատակներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելն է, այս հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ ԱՄՆ դեսպանատնից, սակայն քաղաքական մեկնաբանը նկատում է, որ այս պահին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդական ջանքերի մեծ մրցակցություն կա։

«Մոսկվան իր հերթին է փորձում ավելի աշխուժացնել իր մոդերատորությամբ տեղի ունեցող գործընթացը, Վաշինգտոնն իր հերթին է փորձում տեղի ունեցողի՝ միջնորդական ձևաչափերի հանդեպ իր ազդեցությունը բարձրացնել, նույնիսկ կարող ենք ենթադրել, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կամ Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի այցը հենց պայմանավորված է Վաշինգտոնում արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու ձգտումով», - հավելեց նա։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսանկը հայտնել էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Նույն օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարն էլ ասաց, որ հանդիպումներ ծրագրվում են՝ առանց հստակեցնելու աշխարհագրությունը։ Երեկվա հարցազրույցում Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ասաց, թե երբ հանդիպման օրն ու ժամը հստակեցվի, Երևանը կհանրայնացնի տեղեկությունը։

XS
SM
MD
LG