Մատչելիության հղումներ

Վարչապետ. հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել


«Ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարությունը։

Բաքուն պնդել էր, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Փաշինյանը, սակայն, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

«2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը», - ընդգծեց վարչապետը:

Խնդրո առարկա հատվածի պահպանությունը ՊՆ զինված ուժերի փոխարեն կիրականացնեն Սահմանապահ զորքերը

Թե ինչո՞ւ է որոշում կայացվել այդ հատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել Սահմանապահ զորքերով, և արդյո՞ք դա անվտանգային խնդիրներ առաջ չի բերի, Փաշինյանը չպարզաբանեց, միայն նշեց, թե նույն առաջարկն արել են Ադրբեջանին։

«Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ դուրս են գալու, ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենան առանց սադրանքների», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բարձունքներ գրավելու ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությանը արձագանքեց նաև պաշտոնական Ստեփանակերտը, նշելով, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Միաժամանակ Արցախից փոխանցում են, որ արդեն իսկ պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր նոր ավտոճանապարհը, որով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Էս գիշեր եկել են Տեղ գյուղի հատված. Կոռնիձորի բնակիչ

Թեև վարչապետն այսօր վստահեցրեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում առաջխաղացում չի ունեցել, Կոռնիձորի բնակիչներն այսօր «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ երեկ գիշեր ադրբեջանցիները մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։

«Հիմա եկել են էդ Տեղ գյուղի հատվածում, էս գիշեր են եկել, մեքենաները կանգնած, իրանց տեխնիկան գործ ա անում, ինքն էլ մեր տարածքում է: Որտեղ ուզում են, ընդեղ կանգնում են, ասում՝ մերն ա, էդ Փաշինյանի ասած՝ 29 ու 800 գոնե պաշտպանեք: Ինքը Երևան նստած ի՞նչ ա իմանում, թող գա մեր տնից նայի, տեսնի ոնց են գործ անում կամ պաշտպանություն չունե՞ք, ազգային անվտանգություն չունե՞ք, ինչի՞ չեն ասում՝ էս ի՞նչ ա կատարվում», - ասաց բնակիչներից մեկը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից դեռևս պարզաբանում ստանալ չի հաջողվել։

Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Հրապարակ»-ին ասել է, թե ադրբեջանցիները իրենց նախնական դիրքից 100 մետր առաջ են եկել և փորձում են ինեժեներական աշխատանքներ կատարել։ Իշխանական պատգամավորը նաև ասել է, թե այժմ բանակցություններ են ընթանում՝ այդ առաջխաղացումը առանց կրակոցների կանխելու համար։ Մեզ հետ զրույցում ևս Դավիթ Դանիելյանն ասաց, թե կողմերի միջև անհամաձայնություններ կան։

«Էս պահին քանի որ ես Տեղում չեմ, հստակ տեղեկություն չեմ կարա փոխանցեմ, բայց գիտեմ, որ այդտեղ ինչ-որ անհամաձայնություն կա», - նշեց Դանիելյանը:

Ողջ օրվա ընթացքում Տեղ գյուղի ղեկավարի հետ կապվել չհաջողվեց, փոխարենը հարևան Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանը վստահեցրեց՝ անգամ մի մետր Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն առաջ չեն եկել. -«Մեր սահմանը չեն խախտում, իրանք ինչ անում են իրանց սահմանին են անում, ընդամենը ճանապարհի փոփոխություն է, առանձնապես անհանգստանալու բան չկա»:

Արցախը Հայաստանի կապող նոր ճանապարհն արդեն ասֆալտապատ է. Կոռնիձորի համայնքապետ

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը անցնում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտով, այն պաշտոնապես պետք է շահագործվի ապրիլի 1-ից։ Սակայն Կոռնիձորի համայնքապետը հայտնեց, որ ճանապարհն արդեն պատրաստ է և ասֆալտապատման աշխատանքները հիմնականում ավարտված են։

«Ազատությունն» այսօր Կոռնիձորում հետևում էր նոր կառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքներին։

«Կարելի է ասել արդեն ավարտման փուլում ենք, երկու շերտ արդեն ասֆալտապատած է, ընդամենը գյուղ մտնող հատվածը մի 200 մ գրունտային է, հաջողության դեպքում այսօր դա էլ կավարտենք», - ասաց Կարապետյանը:

Ճանապարհի այս փոփոխությունը անվտանգային առումով, Արշակ Կարապետյանի փոխանցմամբ, իրենց համար որևէ նոր խնդիր չի առաջացնում, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժն արդեն իսկ Կոռնիձորից մոտ 300 մետրի վրա է կանգնած։ Ըստ համայնքապետի, շուրջ 1000 բնակիչ ունեցող գյուղը համակերպվել է այդ նոր իրավիճակին։ Մինչդեռ ադրբեջանցիներով շրջապատված Կոռնիձորցիները անորոշության մեջ են, չգիտեն ինչ է իրենց սպասվում. անասուն պահել չեն կարողանում, հող մշակել նույնպես։ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն էլ ավելի են խորացնում անհանգստությունները։

«Միշտ լսում ենք Ալիևի հայտարարությունները, որ Արցախը վերցնելուց հետո պիտի վերցնենն «Արևմտյան Ադրբեջանը», Զանգեզուրը, Սյունիքը, հիմա չգիտեմ՝ էս ճանապարհը ում համար են սարքում, սարքում են, որ ստեղից գնան դեպի Նախիջևա՞ն, թե՝ ի՞նչ», - ասաց բնակիչներից մեկը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG