Մատչելիության հղումներ

Սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը․ Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել և անդրադառնալով ավելի քան երեք ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ «մեծացող ճնշումներին», հայտարարել է, որ պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության աստիճանը:

«Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ», - Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հայտարարել է Հարությունյանը, առանց հստակեցնելու, թե որոնք են անհրաժեշտ գործողությունները։

Առանց մանրամասնելու՝ նախագահ Հարությունյանը հավելել է, թե «ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»։

Արցախի նախագահը ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԽ անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ Է հրավիրել պաշտոնական Բաքվի այսօրվա հայտարարության ֆոնին։

Ադրբեջանի իշխանությունը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կրկին Բաքու է հրավիրել քննարկելու վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»։

Ստեփանակերտը հրապարակավ չի արձագանքել այս հրավերին։ Նախորդ հրավերը Արցախի կառավարությունը մերժել է բացառելով արցախցիների, այսպես կոչված, վերաինտեգրումը Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG