Մատչելիության հղումներ

Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան


Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, Արարատ Միրզոյանի հետ երեկ երեկոյան կայացած ասուլիսում հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ֆոնին։

«Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը», - ասաց Աբդոլլահիանը:

Հարավկովկասյան երեք երկրները և տարածաշրջանային երեք տերություններն ընդգրկող այս ձևաչափով հանդիպումներ վերջին շրջանում չեն եղել։ Վեցակողմ համագործակցությունը առաջ են մղում Թուրքիան ու Ադրբեջանը։

Իրանի հոգևոր առաջնորդը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահներին է ասել՝ Հայաստանի հետ սահմանի փակում չի հանդուրժի։

Իրանի արտգործնախարարը երեկ էլ Երևանում ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը, հայտարարելով՝ «դա իրենց կարմիր գիծն է». - «Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նույնիսկ մտքին»։

«Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն և տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական և նաև սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք։ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու և դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը», - վստահեցրեց Աբդոլլահիանը:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու անկեղծությունը, իր հերթին նշեց Հայաստանի արտգործնախարարը, երբ խոսում էր հայ - ադրբեջանական խաղաղության բանակցություններից:

«Ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա, կարծում եմ, աշխարհում, թերևս, բոլորը կհամաձայնեն, ամենևին լավագույն ձևը չի անկեղծ բանակցությունների և խաղաղության, լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղության հասնելու ձգտումի», - ընդգծեց Միրզոյանը:

Բանակցություններում առաջընթացի բացակայության համար Արարատ Միրզոյանը մեղադրեց Բաքվին, սա այն դեպքում, երբ կողմերը հայտարարում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

«Խաղաղության պայմանագրի շուրջ և նաև Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների շուրջ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են՝ տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներով: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի, և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել կրկին փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների»:

Երկու արտգործնախարարներն այսօր մասնակցելու են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը:

XS
SM
MD
LG