Մատչելիության հղումներ

Փաշինյանը խուսափեց «Արցախի ինքնորոշման իրավունք» ձևակերպումից. Արցախում մտահոգված են


Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ շեշտելով, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը։

Ի՞նչն է Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցություններին նման կասկածների տեղիք տվել:

Արցախի Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասաց. - «Եթե մտահոգություն չլիներ, հինգ խմբակցությունները հայտարարություն չէին տա»:

Արցախի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, մեծությամբ երկրորդ ուժի ներկայացուցիչ Սեյրան Հայրապետյանը չմանրամասնեց՝ իրենք ինչից են նման եզրակացության հանգել։ Հորդորեց Հայաստանի վարչապետին հարցնել՝ ինչո՞ւ նա չի օգտագործում Արցախի ինքնորոշման իրավունք ձևակերպումը։ Արցախցի պատգամավորը միաժամանակ պնդում է՝ չնայած 2020-ի պատերազմի արդյունքներին և շարունակվող շրջափակմանը, իրենց ինքնորոշման իրավունքից չեն հրաժարվելու։

«Այդ հարցը կարող եք իրեն տալ, այդ նույն վարչապետը չի՞, որ Արցախի Հանրապետությունում հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ինչ-որ բան է փոխվե՞լ: Արցախը ինչ-որ մեկի սեփականությունը չի, որ տա մեկ ուրիշին, հրաժարվի նրա անկախության իրավունքից», - ասաց Հայրապետյանը:

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ երբ Հայաստանի իշխանությունները ընդհանրական խոսում են Արցախի իրավունքների և անվտանգության մասին, ստորադասում են Արցախի ինքնորոշման իրավունքը։

«Այսինքն՝ Արցախը պիտի ունենա իր կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա, որից կբխեն նաև անվտանգությունը, իրավունքները այստեղ ապրող հայերի», - նշեց Հակոբյանը:

Հայաստանյան իշխանական պատգամավորները այսօր կա՛մ հրաժարվում էին արձագանքել արցախցի պատգամավորների մտահոգություններին, կա՛մ պարզապես հեռախոսազանգերին չէի պատասխանում։ Վարչապետ Փաշինյանն այսօր իր ասուլիսում «ինքնորոշման իրավունք» կամ՝ կարգավիճակ ձևակերպումը որևէ անգամ չհնչեցրեց, կրկին խոսեց Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից։

Մինչ այդ՝ անցած անցած տարվա ապրիլին, Նիկոլ Փաշինյան ասել էր, թե իր կառավարության մոտեցումը փոխվել է՝ եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը։

«Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», - հայտարարել է վարչապետը:

«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք», - բացատրել էր Փաշինյանը։

Արցախի խորհրդարանականները պնդում են, թե մինչ Երևանը խոսում է նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանն այն օր օրի ավելի է բարձրացնում՝ նորանոր պահանջներ դնելով հայկական կողմի առաջ։

«Մենք շատ լավ տեսնում ենք՝ ով է մեր թշնամին, նաև վերջերս առանց վարանելու դարանակալեցին և սպանեցին մեր երեք հայրենակիցներին, այնպես որ խոսել նման թշնամու հետ ինչ-որ իրավունքների կամ անվտանգության երաշխիքներից դա մեղմ ասած միամտություն է, իսկ ներկայիս իշխանությունների դեպքում կանխամտածված քայլ էր, որն ուղղակի սպասարկում է Ադրբեջանի շահերը: Եվ բազմիցս ենք նշել ու շեշտել՝ Հայաստանում կան իշխանություններ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչապետը սպասարկում են Ադրբեջանի շահերը», - ասաց Մետաքսե Հակոբյանը:

Օրերս այս խնդրին անդրադրաձավ Հայաստանի 3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե Փաշինյանն իրականում փախչում է Արցախի ինքնորոշում ձևակերպումից. - «Գլխավոր բանակցողը խուսափում, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան խունկից»:

Անվտանգության խորհրդի ղեկավարն օրեր առաջ «Ազատության» հարցին՝ ճի՞շտ էր նշաձողն իջեցնելը, արձագանքել էր, թե դա պետք էր միջազգային մոբիլիզացիան ապահովելու համար, և այդ ուղղությամբ դեռևս ոչ բավարար, բայց՝ առաջընթաց կա։

«Հայաստանը միայն մի քիչ դժվար կկարողանա, երբ որ միայնակ է, շատ հարցեր լուծել, բայց միջազգային հանրության կոնսոլիդացիայի դեպքում, բնականաբար, հնարավոր է ավելի շատ խոսել: Եթե ինձ հարցնեիք՝ ավելի լավ է ամեն օր Հայաստանը հայտարարություն տարածի, թե՝ միջազգային հանրությունը, ես կպատասխանեմ, որ առաջնային է, որ միջազգային հանրությունը դա անի», - նշել է Արմեն Գրիգորյանը:

Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների կողմից Երևանին ուղղված պահանջից առաջ Ադրբեջանը Ստեփանակերտի ներկայացուցիչներին հրավիրել էր Բաքու՝ վերաինտեգրման հարցով հանդիպման: Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե պատրաստ է հանդիպմանը բայց` ոչ Բաքվում և ոչ Ադրբեջանի օրակարգով։

XS
SM
MD
LG