Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ խմբակցություններն անընդունելի են համարում Բաքվի հետ ուղիղ բանակցությունները եղած իրավիճակում


Արցախի խորհրդարանի ուժերը անընդունելի են համարում Բաքվի հետ ուղիղ բանակցությունները եղած իրավիճակում։

Հիշեցնելով շրջափակման մեջ գտնվելու փաստը, «խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, ոստիկաններին գնդակահարելու» դեպքը՝ ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել` նշելով, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

«Ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ», - ասված է նրանց հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխանություններն այսօր Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են Բաքու՝ վերաինտեգրման շուրջ հերթական քննարկումներ անցկացնելու համար։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել էին մարտի 1-ին Իվանյանում: Հանդիպումը ադրբեջանական կողմը «կայացած» է որակել, հայկական կողմը հերքել է, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը:

Արցախի նախագահի գրասենյակից դեռ արձագանք չկա, սակայն հայտարարության հեղինակներից է նաև Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։

Արցախի խորհրդարանական ուժերի պնդմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:

Միաժամանակ, Ազգային ժողովի խմբակցությունները պահանջ են ներկայացրել նաև Հայաստանի իշխանություններին՝ հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը՝ կասկածի տակ չդնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով», - հայտարարել են նրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տարի է այլևս չի օգտագործում «ինքնորոշման իրավունք» եզրույթը։

Նախորդ ուրբաթ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել։ Այս պահանջն, ըստ Արցախի նախագահ Հարությունյանի՝ առաջ է քաշել Բաքուն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին շաբաթներում տեղի ունեցած շփումներից հետո։ Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, չարձագանքելով հայտարարության այս մասին, ասել էր, որ մերժում են միջազգային մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը:

XS
SM
MD
LG