Մատչելիության հղումներ

Երկու ամսից Ուկրաինան կանցնի հակահարձակման. Պոդոլյակ


Միխայլո Պոդոլյակ
Միխայլո Պոդոլյակ

«Ուկրաինան երկու ամսից հակահարձակման գնա», - իտալական «Լա Ստամպա» թերթին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ ընդգծելով, թե բանակն այժմ ամրապնդում է դիրքերն ու զինանոցը ռուսներին երկրից դուրս շպրտելու համար։

«Բախմուտում ռուսներին կհյուծենք, հետո կկենտրոնանանք այլ տեղ: Մեզ պետք են հեռահար հրթիռներ: Մենք չենք շտապում, մենք կվերակազմավորվենք առաջիկա երկու ամիսների ընթացքում», - ասել է Պոդոլյակը։

Մինչ այդ իրավիճակը ռազմի դաշտում էապես չի փոխվել։ Ռուսները փորձում են գրավել Բախմուտը, ուկրաինացիները կատաղի դիմադրում են։

Զինծառայող Անդրեյ Բաբիչևը «Նաստոյաշչեյե վրեմյա» հեռուստաալիքին պատմել է, որ վերջին երկու շաբաթներին ռուսները էական հաջողության չեն հասել․ - «Թշնամին չի կարողանում ամբողջական շրջափակման մեջ վերցնել Բախմուտը։ Մեր կողմից ձեռնարկվում են կայունացնող գործողություններ։ Սա իհարկե հակահարձակում չէ դեռ, սակայն մենք փորձում են հետ մղել ռուսներին կարևոր ճանապարհներից»։

Երեկ ռուսները կրկին հրթիռակոծել էին ուկրաինական բնակավայրերն ու էներգետիկ համակարգը, այդ թվում Զապորոզժիեի ատոմակայանը։

Նախագահ Զելենսկին վստահ է, որ Ռուսաստանը միտումնավոր է տագնապալի իրավիճակներ ստեղծում Ուկրաինայի միջուկային օբյեկտներում. - «Այս հարվածի հետևանքով Զապորոժիեի ատոմակայանը կրկին անջատվեց ցանցից: Սա կրիտիկական իրավիճակ է: Սա ուղղակի նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող լինել միջուկային ոլորտում ցանկացած հարաբերությունների բարեխիղճ մասնակից։ Սա նշանակում է, որ որքան շուտ ռուսական միջուկային արդյունաբերությունը հայտնվի պատժամիջոցների տակ, այնքան աշխարհն ավելի ապահով կլինի»։

Նախօրեին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ շեշտելով, որ իրավիճակը եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ ծայրահեղ վտանգավոր է։

«Էներգոատոմ» ընկերությունը հայտնել էր, որ երեկ առավոտյան ռուսական զանգվածային հրթիռային հարձակումների հետևանքով անջատվել էր օկուպացված Զապորոժյեի ատոմակայանի վերջին կապի գիծը ուկրաինական էներգահամակարգի հետ։

Զապորոժիեի ատոմակայանը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցած տարվա մարտից Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից Ռուսաստանը և Ուկրաինան բազմիցս միմյանց մեղադրել են կայանը հրթիռակոծելու մեջ։

Զանգվածայի հրթիռակոծությունների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI հեռուստաընկերության հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հանուն խաղաղության. - «Ես նրա հետ կխոսեի նույնքան բաց, որքան հրապարակավ։ Նա կրթված մարդ է։ Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Սուրբ Աթոռում Ռուսաստանի դեսպանատուն՝ ասելու, որ պատրաստ եմ գնալ Մոսկվա, եթե Պուտինը նման ցանկություն հայտնի։ Պուտինը գիտի, որ ես հասանելի եմ։»

Կիևի և Մոկսվայի միջև բանակցություններ տևական ժամանակ է չկան: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե ինքն անձամբ ռուսական կողմից նման պատրաստակամություն չի տեսնում։ Ըստ Շոլցի, Պուտինը մեկ հարցի շուրջ է ուզում բանակցել. թե ինչպես են բոլորը իրան ենթարկվելու։

XS
SM
MD
LG