Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը չի բացառում առաջիկայում Ռուսաստանի կողմից Բախմուտի գրավումը  


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե չի բացառում ռուսական ուժերի կողմից Բախմուտի գրավումը առաջիկա օրերին։ Ելույթ ունենալով Եվրամիության և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը մեկնաբանել է Դոնեցկի մարզի Բախմուտի մերձակայքում շարունակվող ծանր մարտերը։

«Ռուսաստանը որակի պակասը փորձում է լրացնել քանակով։ Նրանք [ռուս զինվորականները-խմբ.] մեծ կորուստներ են կրել, բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ Բախմուտն ի վերջո մոտ օրերս կարող է ընկնել: Կարևոր է ընդգծել, որ դա չի նշանակում, որ պատերազմում միանշանակ բեկում է տեղի ունեցել։ Սա պարզապես ընդգծում է, որ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - ասել է նա։

Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետները հայտնել են, որ ուկրաինական բանակը Բախմուտի արևելյան մասից նահանջել է, իսկ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբավորումը գրավել է այդ շրջանը։

Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ ժամանել է Բախմուտ։ Գեներալի տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում նա պարգևներ է հանձնում քաղաքի պաշտպաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG