Մատչելիության հղումներ

Ծայրահեղ վտանգավոր կացություն Զապորոժիեի ԱԷԿ-ում


ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսի, արխիվ
ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսի, արխիվ

Ռուս - ուկրաինական պատերազմի էպիկենտրոնում հայտնված Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ստեղծվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ:

Ատոմակայանը զրկվել է հոսանքի արտաքին սնուցումից և իր կարևոր սարքավորումների ու նախևառաջ միջուկային ռեակտորների անվտանգությունը պահպանում է դիզելային գեներատորների արտադրած էլեկտրականությամբ: Այն անհրաժեշտ է սարքավորումների ու միջուկային վառելիքի հովացման համար:

Եթե ջերմությունը երկար ժամանակով գերազանցի սահմանված նորմերը, ապա կառաջանա պայթյունի վտանգ: Իսկ դա, իր հերթին, աննկարագրելի ծանր հետևանքներ կունենա Եվրոպայի և գուցե ամբողջ աշխարհի համար:

Նախօրեին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

«Այսօր առավոտյան ժամը 5-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը մնացել է արտակարգ դեպքերի համար նախատեսված դիզելային գեներատորների հույսին: Դա պաշտպանական վերջին, ամենավերջին պատնեշն է: Թուլլ տվեք մի բան ասեմ՝ սա արդեն վեցերորդ անգամն է, կրկնում եմ՝ վեցերորդ անգամը, երբ ԱԷԿ-ը զրկվում է դրսից ստացվող հոսանքից և պետք է գործի արտակարգ պայմաններում: Թույլ տվեք նաև հիշեցնել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում», - ահազանգել է Գրոսսին:

Մինչ այդ կայանը հոսանք է ստացել 750 կիլովոլտի էլեկտրահաղորդման վերջին գծով, և երբ այն անջատվել է, մատակարարումը շարունակվել է դիզելային պահեստային գեներատորով, որի առավելագույն հզորությունը 330 կիլովոլտ է:

ԱԷՄԳ-ի ղեկավարը ոչ միայն անընդունելի է համարում այս իրավիճակը, այլև ասում է, թե այս անխոհեմ կացությունը մի օր վատ կվերջանա:

«Զարմացած եմ, ինչպե՞ս մենք կարող ենք սա թույլ տալ, մենք ԱԷՄԳ-ն ենք, ի վերջո: Ամեն անգամ, երբ այսպիսի վիճակ է ստեղծվում, մենք նմանվում ենք զառ գլորողին, ում բախտը բերում է, բայց մի օր չի բերի: Մենք պարտավոր ենք ապահովել կայանի անվտանգությունը», - հայտարարել է Գրոսսինն և իր գործընկերների աջակցությունն է հայցել:

Նա ասել է, որ կշարունակի խորհրդակցությունները, հույս հայտնելով, որ կհաջողվի հակամարտող կողմերին համոզել դադարեցնել կրակը կայանի շրջանում և վերականգնել հոսանքի մատակարարումը: Գրոսսին հավաստիացրել է, որ կայանն ունի 15 օրվա աշխատելու համար դիզելային վառելիքի անհրաժեշտ պաշար:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի մնացած ԱԷԿ-ների, այդ թվում՝ 1986 թվականի ապրիլին սարսափելի վթարի ենթարկված Չեռնոբիլի սառեցված ատոմակայանի հոսանքի մատակարարումը չի խափանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG