Մատչելիության հղումներ

Freedom House-ը Հայաստանը դասել է առանձնահատուկ ուշադրության արժանի երկրների շարքում


2022-ի իրադարձություններն ազդել են Հայաստանի ժողովրդավարության հետագծի վրա. զեկույց

«Ադրբեջանական ուժերը անցած տարի շարունակեցին հարձակվել ու օկուպացնել Հայաստանի տարածքը՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական կառավարությանն ու մեծացնելով լայնածավալ պատերազմի հավանականությունը»,- հայտարարում է Freedom House-ը աշխարհում ազատությունների վերաբերյալ իր վերջին ամենամյա զեկույցում։ Կազմակերպությունը Հայաստանը դասել է առանձնահատուկ ուշադրության արժանի երկրների շարքում, որտեղ անցած տարի տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ժողովրդավարության հետագծի վրա։

«2022-ին Ադրբեջանը մեծացրեց ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ՝ չնայած Ռուսաստանի տված անվտանգային երաշխիքներին», - փաստում է զեկույցը, հավելելով․ «Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկած երկրների մեծ մասը շարունակում է մնալ բռնապետների ձեռքում, որոնք խորհրդային ժամանակաշրջանի կապերը վերածել են ավազակապետության, հարստացրել իրենց ընտանիքի անդամներին՝ աղքատացնելով շարքային քաղաքացիներին։ Այս կոռումպացված ավտորիտար վարչակարգերը նույն կերպ անկայունություն են հրահրել և մարտահրավեր նետել ժողովրդավարությանը ողջ տարածաշրջանում»։

Freedom House-ը Ռուսաստանից բացի, այս շարքում դասել է նաև Ադրբեջանը։

Իրավունքների ու ազատությունների մակարդակը կրկին անկում է ապրել

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում, ըստ կազմակերպության, 2022-ին մարդու իրավունքների ու ազատությունների մակարդակը անկում է ապրել արդեն 17-րդ տարին անընդմեջ։ Դրա վրա, ըստ Freedom House-ի, ազդել են պատերազմները, հեղաշրջումները, ինչպես նաև այն ղեկավարները, որոնք չարաշահում են իրենց տրված լիազորություններն ու վստահությունը։

«Ընտրություններով գալով իշխանության՝ այս առաջնորդները մերժում են հաստատված ժողովրդավարական գործընթացները սեփական իշխանությունը պահելու համար», - փաստում է զեկույցը՝ բերելով Թունիսի, Հունգարիայի ու Բրազիլիայի օրինակը։

Զեկույցը մտահոգիչ է համարում նաև բռնապետական վարչակարգերի համագործակցությունն ու փոխազդեցությունը միջազգային կառույցներում, որտեղ նրանք փորձում են փոխել խաղի կանոններն ու խուսափել պատասխանատվությունից։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հինգ անգամ ընտրված Չինաստանի կառավարությունը շարունակաբար արգելափակել է բանաձևերը, որոնք վերաբերում էին իր վարած քաղաքականությանը։ Պեկինը միացել է նաև Իրանին, Բելառուսին, Հյուսիսային Կորեային, Կուբային ու մյուս անդամ երկրներին՝ քննադատելով բռնապետական երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու փորձերը։ Այդ քայերը, սակայն, ոչ միշտ են հաջողությամբ պսակվել, ժողովրդավարական երկրներին անցած տարի հաջողվել է պատժել կամ դատապարտել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի ու Վենեսուելայի բռնապետական կարգերը։ Պայքարը ժողովրդավարական ու ավտորիտար նորմերի համար միջազգային կազմակերպություններում դեռ երկար կշարունակվի, սակայն անցած տարվա դրական զարգացումները պետք է քաջալերեն ժողովրդավարական երկրներին էլ ավելի ակտիվ գործել», - պնդում է Freedom House-ը։

«Ավտորիտարիզմը դեռ գերիշխում է Եվրասիայում»

Զեկույցը նշում է, որ միջազգային կառույցներից բացի, բռնապետական վարչակազմերը լայնորեն օգտագործում են նաև տարածաշրջանային կազմակերպությունները՝ սեփական դիրքերն ամրապնդելու համար. «Ռուսաստանի կողմից վերահսկվող ՀԱՊԿ-ը, օրինակ, անցած տարվա հունվարին զորք մտցրեց Ղազախստան՝ նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևին պաշտպանելու զանգվածային հակակառավարական ցույցերից։ Սակայն, ի տարբերություն ղազախական ճգնաժամի, ՀԱՊԿ-ը ձախողեց աջակցել Հայաստանին՝ դաշինքի անդամներից միակը, որը համարվում է մասամբ ազատ և շարունակական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Փորձագետները փաստում են՝ տարածաշրջանային այս կառույցներում համագործակցությունը բխում է բռնապետերի նեղ անձնական շահերից և կարող է ճաքեր տալ, երբ այդ շահերը չհամընկնեն, կամ երբ նրանք ենթարկվեն ժողովդավարական ճնշումների»։

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, Խորհրդային Միության փլուզումից երեք տասնամյակ անց «ավտորիտարիզմը դեռ գերիշխում է Եվրասիայում»՝ մասամբ նաև Ռուսաստանում տեղի ունեցած զարգացումների և Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմի պատճառով։

«Ինչ կեղծ հիմնավորումներ էլ որ Ռուսաստանը ներկայացնի այս պատերազմի համար, հստակ է, որ դրա իրական նպատակն է տապալել Կիևի ընտրված իշխանությանը և զրկել ուկրաինացիներին ազատ ինքնակառավարման հիմնարար իրավունքից», - ասվում է զեկույցում:

Փաստելով, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է՝ ավտորիտար հարևանների հարձակումների կամ բռնապետ առաջնորդների վարած քաղաքականության պատճառով, հեղինակավոր կազմակերպությունը հորդորում է միջազգային համայնքին ժողովրդավարության ոլորտում աջակցել այն երկրներին, որոնք դժվարությունների առջև են կանգնած։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ պետությունները նահանջ են արձանագրում և հայտնվում մասամբ երկրների կամ ոչ ազատների շարքում, հետո դժվարությամբ են վերականգնվում։ Ուստի, շատ կարևոր է դիվանագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցություն տրամադրել այն պետություններին, որոնք խոստումնալից են ժողովրդավարական զարգացման առումով կամ կանգնած են ժողովրդավարական վիճակի վատթարացման առաջ», - փաստում է Freedom House-ը, մանրամասնելով, որ այս երկրների շարքում են Հայաստանը, Շրի Լանկան ու Էլ Սալվադորը, որտեղ ժողովրդավարությունը ճնշումների է ենթարկվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG