Մատչելիության հղումներ

Հայաստանում խոսքի ազատության վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ․ զեկույց


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցը այսպես է ներկայացնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ զեկույցի, ապրիլ, մայիս, հունիս ամիսները առանձնահատուկ են եղել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունների թվի աճով․ գրանցվել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը տեղի են ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելու ընթացքում։ Դեպքերի թիվը 3-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր։

Շարունակվել է նաև լրատվամիջոցների և լրագրողների դեմ ներկայացվող դատական հայցերի հոսքը․ գրանցվել է այդպիսի 8 նոր գործ՝ մեկով ավելի, քան նախորդ եռամսյակում։

Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերին, ապա 3 ամիսների ընթացքում դրանք 24-ն են եղել։

«Թեև դիտարկված ժամանակահատվածում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները գրեթե երկու անգամ պակասել են, այդուհանդերձ իրավիճակը դեռ մտահոգիչ է մնում, որովհետև բազմաթիվ լրատվամիջոցներ և լրագրողներ օրինակներ են բերում, երբ դիմել են պետական մարմիններ՝ հայցելով պաշտոնական տեղեկատվություն և կա՛մ ժամանակին չեն ստացել, կա՛մ առհասարակ անտեսվել է այդ տեղեկատվության հարցումը, կա՛մ պատասխանները չեն համապատասխանել ուղարկված հարցերի էությանը և, այս առումով, իհարկե, բազմաթիվ անելիքներ կան», - ասաց Մելիքյանը։

Այս առումով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարևորում է, որ խորհրդարանը վերջերս փոխեց տեղեկատվության ազատության մասին օրենքը, և այդ փոփոխություններով խստացվել է պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ պատասխանողը անհիմն մերժում է ու չի տրամադրում հրապարակման ենթակա տեղեկությունը։

«Եթե նախատեսվում էր առաջին անգամ 30-ից 50 հազար դրամի վարչական տույժ, ապա հիմա այն բարձրացել է 50-ից 70 հազար, և եթե այդ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվում է, ապա այդ դեպքում նախատեսված 70-ից 100 հազարի փոխարեն 100-ից 150 հազար է հիմա նախատեսվում, բայց շատ կարևոր է, որպեսզի իսկապես այդ տույժերը կիրառվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում լրատվամիջոցների հարցումներին չպատասխանելը կամաց-կամաց ավելի լայն տարածում կարող է ստանալ, իսկ դա բերում է շատ լուրջ հետևանքների», - ասաց Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը մինչդեռ նկատում է լրատվամիջոցները, մերժում ստանալուց հետո, հիմնականում չեն դիմում դատարան՝ խուսափելով դատական քաշքշուկներից:

Այս տարվա երկրորդ եռամսյակում տեղեկատվություն չստանալուց հետո միայն մեկն է դիմել դատարան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG