Մատչելիության հղումներ

Զապորոժիեում ռուսական զորքերի հարձակումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի


Հրթիռակոծության հետևանքները Զապորոժիեում, 2-ը մարտի, 2023
Հրթիռակոծության հետևանքները Զապորոժիեում, 2-ը մարտի, 2023

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, ևս 8 մարդ տուժել է, 10 մարդ համարվում է անհետ կորած։

Բնակավայրը ռուսական ուժերի թիրախում էր հայտնվել անցած գիշեր, հրթիռային հարվածից հինգհարկանի բնակելի շենք էր ավերվել։ Վերջին օրերին ռմբակոծվել են նաև Խարկովի ու Խերսոնի մարզերը։


Իրավիճակը, սակայն, թեժ է ոչ միայն Ուկրաինայում։ Արդեն մի քանի օր է, պայթյունների, հարձակումների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ռուսաստանի տարածքից, նույնիսկ մայրաքաղաք Մոսկվայից քիչ հեռու գտնվող Կոլոմնայից։ Երեկ երեկոյան մերձմոսկովյան այս քաղաքի բնակիչները ուժեղ պայթյունի ձայն էին լսել։ Պետական լրատվամիջոցները հաղորդել էին, թե ամենայն հավանականությամբ անօդաչու սարք է պայթել Մոսկվայի մարզի երկնքում։

Իսկ Կուրսկի մարզում, ռուսական աղբյուրների հաղորդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն այսօր ականանետներից կրակել են Ուկրաինայի հետ սահմանին կառուցվող պաշտպանական գծի ուղղությամբ։

Կրասնոդարից այսօր տեղեկություն է ստացվել ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Այս տեղեկություններն առայժմ հնարավոր չէ հերքել կամ հաստատել։

Մինչ այդ, երեկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինացի դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջան և կրակել ընթացող մեքենայի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը այսօր կրկին հերքել է ուկրաինական կողմի առնչությունը Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպերին։

«Պայթյուններ կրիտիկական օբյեկտներում, անհայտ անօդաչու թռչող սարքեր, որոնք հարձակվում են ռուսական շրջանների վրա, ավազակախմբերի բախում, պարտիզանների հարձակումը բնակավայրերի վրա. այս ամենը Ռուսաստանի ներսում վերահսկողության կորստի ուղղակի հետևանքներն են», - Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Բրյանսկի մարզում տեղի ունեցածը նախագահ Պուտինը դեռևս երեկ անվանեց ահաբեկչություն։ Այսօր էլ այս թեմայով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել. - «Այսօր մենք ունենք մեկ, բայց շատ կարևոր խնդիր իրավապահ մարմինների կողմից կառավարվող օբյեկտների հակաահաբեկչական անվտանգության վերաբերյալ»։

Չափազանց լարված է իրավիճակը նաև ճակատում։ Ռուսական ուժերը շարունակում են ինտենսիվ հարձակումները Բախմուտի ուղղությամբ։ Տարբեր աղբյուրներ, այդ թվում ուկրաինական, հայտնում են, որ որոշ ուկաինական ստորաբաժանումներ արդեն թողել են քաղաքը։

Վագներ ընեկրության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր Թելեգրամ իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, թե ռուսները գրեթե ամբողջությամբ շրջափակել են քաղաքը. - «Վագներ ընեկրությունը փաստացի շրջափակել է Բախմուտը, միայն մի ճանապարհ է մնացել»։

Պրիգոժինի այս հայտարարությունից հետո ուկրաինական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Բախմուտ։

Ռուսներն արդեն մի քանի ամիս փորձում են գրավել Դոնեցկի մարզի այս բնակավայրը, ուկաինացիները կատաղի դիմադրում են։ Միաժամանակ Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում, որ կարող են նահանջել՝ ռազմավարական նպատակներով։

Ու մինչ Ուկրաինայի արևելքում շարունակվում են կատաղի մարտերը, Միացյալ Նահանգներն այսօր պատրաստվում է հայտարարել Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին։

XS
SM
MD
LG