Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը կրկին հրթիռակոծել է Զապորոժիեն


Մարտի 2-ի հրթիռակոծության հետևանքները Զապորոժիեում։
Մարտի 2-ի հրթիռակոծության հետևանքները Զապորոժիեում։

Ռուսական բանակն այս գիշեր կրկին հրետակոծել է Զապորոժիեի թաղամասերը, բնակելի շենքի մի քանի հարկ փլուզվել է, կան զոհեր և վիրավորներ։ Ըստ ուկրաինական կողմի, հարվածն իրականացվել է, ամենայն հավանականությանբ, C300 հրթիռներով:

Իսկ առավոտյան շտապ հաղորդագրություններ ստացվեցին արդեն Ռուսաստանի տարածքից։ Ռուսական լրատվամիջոցներն ու Թելեգրամ ալիքները հաղորդեցին, թե Ուկրաինային սահմանակից Բրյանսկի մարզի երկու գյուղեր հայտնվել են կրակահերթերի տակ, իբրև թե՝ ուկրաինական կողմից։ Պաշտոնական Մոսկվան, մասնավորապես, պնդում է, թե Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբեր են ներթափանցել, որոնց հետ մարտեր են ընթանում։

Ավելի ուշ նախագահ Պուտինը Բրյանսկում տեղի ունեցած դեպքերը որակեց ահաբեկչություն. - «Հերթական հանցագործությունը։ Մտել են սահմանամերձ գյուղ, կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա։ Տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, երեխաներ են նստած, կրակ են բացել»։

Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը տեղի ունեցածին և պնդում, թե Մոսկվան ինքն է սադրանքներ կազմակերպում՝ պատերազմական գործողություններն ակտիվացնելու համար։

«Սա դիտավորյալ իրականացված սադրանքի դասական օրինակ է», - Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ հավելելով, թե Ռուսաստանը «ուզում է վախեցնել իր սեփական ժողովրդին և արդարացնել հարձակումը հարևան երկրի վրա»։

Կրեմլի խոսնակը, ի դեպ, այսօր չի բացառել, որ վերջին իրադարձություններից հետո Մոսկվան կարող է փոխել Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավիճակը։ Պաշտոնապես այն մինչև օրս բնորոշվում է որպես հատուկ գործողություն։

«Այս պահին այդ մասին ոչինչ ասել չեմ կարող», - նշել է Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ ընդգծելով, որ նախագահ Պուտինը չեղարկել է ավելի վաղ ծրագրված այցը Ռուսաստանի հարավ և այժմ պարբերաբար տեղեկություններ է ստանում նահանգապետերից տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Վերջին զարգացումներից մի քանի օր առաջ, ի դեպ, Պուտինը հրահանգել էր Դաշնային անվտանգության ծառայությանը խստացնել վերահսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին։

Բախմուտի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ

Մինչ այդ չափազանց լարված է իրավիճակը ռազմաճակատում, հատկապես Բախմուտի շուրջ։

Կիևը հայտարարում է, թե շարունակում է պայքարը Բախմուտի համար, որտեղ ժամանակին 70 հազար մարդ էր բնակվում։ Միաժամանակ իշխանություններ չեն բացառում, որ ուկրաինական բանակը կարող է նահանջել՝ ռազմավարական նկատառումներով։

Reuters-ը տեղից հաղորդում է, որ հիմա ուկրաինական կողմը մերձակա գյուղերում ու քաղաքներում է նոր պաշտպանական դիրքեր կառուցում՜ ենթադրաբար, որպեսզի նահանջի դեպում ռուսները մեծ առաջխաղացման հնարավորություն չունենան։

Պատերազմը նոր փուլ է մտել

Գարնանը, ինչպես և կանխատեսվում էր, պատերազմը նոր փուլ է մտել։ փորձագետներն ակնկալում են, որ առաջիկայում մարտերն է'լ ավելի կթեժանան։ Բանակցություններ չկան, դրանց անհնարինության մասին հայատարում են թե' Մոսկվան, թե' Կիևը։

Մինչ այդ Դելիում, որտեղ այսօր ավարտվել է Մեծ քսանյակի արտգործնախարարների գագաթնաժողովը, երկար դադարից հետո կարճատև զրույց են ունեցել Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարները։ Սա Բլինքենի և Լավրովի առաջին հանդիպումն էր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո:

Զրույցը տևել է մոտ 10 րոպե, հայտնում են Reuters-ը և New York Times-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին: Հանդիպման մասին նախապես հայտարարված չէր։

Ըստ ամերիկացի ներկայացուցչի, Բլինքենը Լավրովի հետ զրույցում երեք թեմա է շոշափել։ Պետքարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային, կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, և հորդորել է ազատ արձակել ռուսաստանյան գաղութում գտնվող ամերիկացի Փոլ Ուելանին:

Ռուսական կողմը Բլինքեն - Լավրով հանդիպումից մանրամասներ առայժմ չի հայտնել։ Արտգործնախարարության խոսնակն ասել է միայն, որ այն տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ։

Ուկրաինայի թեման առանցքային էր Մեծ քսանյակի գագաթնաժողովում։ Հանդիպումը հյուրընկալող Հնդկաստանի արտգործնախարարությունը սակայն հայտնել է, թե տարաձայնություններն այնքան խորն ու կատաղի են եղել, որ ամենայն հավանականությամբ, այս հարցի շուրջ համատեղ հայտարարություն չի լինի։

Չինաստանը և Ռուսաստանը դեմ են արտահայտվել Մեծ քսանյակի նախորդ հռչակագրից վերցրած երկու պարբերություններին, որոնցում, ի թիվս այլնի, նշված էր, որ Ուկրաինայում պատերազմը հսկայական տառապանք է պատճառում, և որ «միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն անթույլատրելի են»:

XS
SM
MD
LG