Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում և՛ վերացնել շրջափակումը, և՛ հայտարարել հաղթանակի մասին»․ քաղաքագետ


Քաղաքագետ Միքայել Զոլյանը չի կարծում, թե Հայաստանի ղեկավարությունը կապ ունի Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության որոշման հետ։

«Ազատության» հետ զրույցում, հիշեցնելով Հայաստանի դիրքորոշումը, թե Երևանը որևէ կերպ չի փորձում խոսել Բաքվի հետ Արցախի փոխարեն, Զոլյանն ընդգծեց՝ ըստ էության Հայաստանի կառավարությունը բավականին հստակ, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում, այդ գիծը տանում է, հետևաբար քաղաքագետը պատճառ չի տեսնում կասկածի տակ դնելու Երևանի մոտեցումը։

«Բայց, իհարկե, այստեղ հարց է առաջանում, որ լավ, եթե կար անհրաժեշտություն, որ Ռուբեն Վարդանյանը հեռանար այդ պաշտոնից, ինչո՞ւ հենց հիմա դա պետք է արվեր՝ Մյունխենում հանդիպումից հետո, երբ որ Ալիևը հստակ էդ պահանջն առաջ քաշեց և Հաագայի դատարանի որոշումից հետո։ Այսինքն՝ ինչո՞ւ չէր կարելի, օրինակ, մեկ շաբաթ սպասել և տեսնել, թե օրինակ՝ Ադրբեջանն ինչպես է արձագանքում Հաագայի դատարանին։ Հիմա, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության համար հնարավորություն է ստեղծվում և՛ վերացնել շրջափակումը, և՛ միևնույն ժամանակ հայտարարել իրենց հաղթանակի մասին, ասել, որ «տեսե՛ք, մեր պահանջը կատարվեց, դրա համար մենք վերացնում ենք», և սա իհարեկ հարց է, որի պատասխանն, օրինակ, ես չունեմ և կարծում եմ, որ էդ հարցը շատերի մոտ է առաջանում», - ասաց Զոլյանը։

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր, ըստ էության, Արցախի հայության գոյատևման խնդիր է դրված՝ Զոլյանը շեշտեց՝ այս պայմաններում ինչ որոշում էլ կայացնեն, պետք է հարգանքով վերաբերվել դրան։

«Ինչ վերաբերում է ներքին քաղաքական վիճակին Արցախում, ապա ես ընդհանրապես աշխատում եմ ստեղ շատ քննադատական դիրքերից հանդես չգալ, որովհետև հասկանալի է, որ մարդիկ շատ ծանր պայմաններում են, ի վերջո էդ շրջափակումն էքզիստենցիալ խնդիրներ է դնում, և ընդհանրապես հատկապես 2020 թվականի պատերազմից հետո շատ ծանր պայմաններում են մարդիկ ապրում և գոյատևում, և այսօր, ըստ էության, Արցախի հայության գոյատևման խնդիր է դրված, և այս պայմաններում ինչ որոշում էլ կայացնեն, ես կարծում եմ, որ մենք պետք է հարգանքով վերաբերվենք դրան, բայց ես նաև չեմ կարծում, որ այստեղ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ կապ ունի էս ամեն ինչի հետ», - եզրափակեց քաղաքագետը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց՝ Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը։ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանի պաշտոնանկությունից հետո քննադատություններ հնչեցին, թե Ալիևը կարողացավ ստիպել Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին կատարել իր կամքը։

Զոլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG