Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին դժգոհել է ԵՄ դիտորդների տեղակայման փաստից. հայկական կողմի արձագանքը


Հայաստան Եվրամիության հարյուր դիտորդների տեղակայումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարեց՝ քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ և ոչ իրական հետաքրքրություն՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կովկասում։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և թուլացնելու նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր: Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները այս նախաձեռնության մասին անտարբերության են մատնվում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ համոզված են՝ տարածաշրջանում անվտանգության հիմանական գործոնները մնում են 3 երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Երևանի արձագանքը

Ինչպե՞ս է պաշտոնական Երևանն արձագանքում Զախարովայի հայտարարությանը։

Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանն» ասաց, որ Եվրամիության մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը իր դիրքորոշումը հանրայնորեն արդեն արտահայտել է» Վահան Հունանյանը ոչինչ չավելացրեց։

Այսօր ընդունելով ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե եվրոպական նոր առաքելությունը կնպաստի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը։

Այս գործընթացում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, այսօր «Ազատության» տաղավարում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրել է տարածքներ: Ըստ էության, Եվրամիության դիտորդական առաքելությունը նպատակ ունի՝ նպաստելու տարածաշրջանում կայունության հաստատմանը և աջակցելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Սա մեր կարիքներից բխող գործընթաց է, սա միտված է տարածաշրջանում կայունության ապահովմանը, և ըստ էության, որևէ աշխարհաքաղաքական համատեքստ սրան ես չէի հաղորդի», - նշեց նա:

Կոնջորյանի կարծիքով՝ իրականում աշխարհաքաղաքական համատեքստերի մասին խոսակցություններն են նպաստում նման տպավորությունների ստեղծմանը. «Ենթադրյալ այդպիսի բախումների վերաբերյալ խոսակցություններն են ավելի շատ ֆոն ստեղծում, քան գետնի վրա իրողությունը, որովհետև գետնի վրա չկա նման բան, և նորից եմ նշում՝ դա բացառապես բխում է մեր կարիքներից և այն անհրաժեշտություններից, որն առաջացել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակումից հետո»:

Եվրամիության դիտորդների Հայաստանում տեղակայման հարցը ռուս գործընկերների հետ տարբեր մակարդակներում մշտապես քննարկվել է, և Երևանը հայտնել է իր մոտեցումների մասին, վստահեցրեց Կոնջորյանը։

Ընդդիմությունը քննադատում է իշխանության վարած արտաքին քաղաքականությունը

Խորհրդարանական ընդդիմադիրները, սակայն, քննադատում են իշխանությանը առաջին հերթին ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ երկխոսությունը տապալելու համար։

«Ակնհայտ է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների որոշակի անհասկացողության երանգներն ակնհայտ են, և դա ես հիմնականում պայմանավորում եմ Հայաստանի վարած անհավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ», - նշեց «Հայաստան» դաշինքից ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական վտանգավոր բախումների խաչմերուկում իշխանությունների վարած անհաջող քաղաքականության հետևանքով, և պարզ չէ եվրոպացի դիտորդները դրական, թե բացասական ազդեցություն են ունենալու անվտանգային միջավայրի վրա. «Այստեղ հարց է ծագում, թե Եվրամիության դիտորդական առաքելությունն ինչպիսի լիազորություններով է օժտված, և որքանով են նրանք նպաստում առհասարակ մեր շուրջ և մեր երկրում, և Արցախում, ընդհանրապես տարածաշրջանում կայունությանը»:

Ինչ մանդատով են եկել դիտորդները. երեկ Հայաստան ժամանած հարյուր քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներից 50-ը անզեն են, տեղեկացրել է Եվրամիությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են, թե ոչ։ Հայտնի է, որ նրանց կազմում կան նաև ֆրանսիացի ժանդարմներ և գերմանացի ոստիկաններ, այլ մանրամասներ չկան։ Եվրամիությունը բազմիցս նշել է, որ առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG