Մատչելիության հղումներ

Միակ երկիրը, որ կարող է ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը, Միացյալ Նահանգներն է․ քաղաքագետ


Հայաստանի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը լինի վերջնական, զիջումները լինեն վերջնական և որ դա իրապես խաղաղության պայմանագիր լինի, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ շեշտելով՝ սա հնարավոր է, եթե պայմանագիրն ունենա իրաշխավորի ինստիտուտ:

Միակ երկիրը, որ կարող է ստանձնել էդ երաշխավորի դերը, ըստ քաղաքագետի, Միացյալ Նահանգներն է։

Քոչինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Քոչինյան․ - Իմ ընկալմամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների և պատրաստ են գնալ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, բայց Հայաստանի համար, ինչքանով որ ես եմ հասկանում, կարևոր է ֆիքսել, որ այդ պայմանագիրը լինում է վերջնական, որ զիջումները լինում են վերջնական, որ դա իրապես խաղաղության պայմանագիր է և հաջորդ օրն ավելի լավ ելման դիրքերից նորից մեզ վրա չեն հարձակվի և մեզ նոր պահանջներ չեն ներկայացնի։ Սա հնարավոր է այն պարագայում միայն, եթե խաղաղության պայմանագիրն ունենում է գարանտի ինստիտուտ՝ երաշխավորի ինստիտուտ։ Ընդ որում, սա ինչ-որ սենց աննախադեպ բան չէ, Եգիպտոս-Իսրայել կարգավորումն է էսպես եղել, Հորդանան-Իսրայել կարգավորումն է էսպես եղել, Կիպրոսում իրավիճակի սառեցումն է էսպես եղել, բոլոր այս կոնֆլիկտներում եղել է այդ երաշխավորի ինստիտուտը։

Հիմա մեր աշխարհաքաղաքական իրավիճակում, բացառման սկզբունքից ելնելով, միակ երկիրը, որ կարող է ստանձնել էդ երաշխավորի դերը նահանգներն են։ Եվ մենք տեսնում ենք, որ մինչև էս պահն ամենաարդյունավետ թրեքը, ամենաարդյունավետ ուղին բանակցությունների վարման, թերևս հենց վաշինգտոնյանն է եղել, որովհետև դրանից հետո են ռազմագերիները վերադառնում, դրանից հետո է Ալիևը կառուցողական այս հայտարարությունն անում, Վաշինգտոնի միջամտությունից հետո է սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա կանգնում և այլն, և այլն։

«Ազատություն»․ - Կարգավորման ռուսակա՞ն տարբերակը՝ առկախել Արցախի հարցը, մնալ այնտեղ երկար ժամանակով և ի հակառակ դրան, ինչպես այս պլանի պաշտպաններն են ասում, դրվում են արևմտյան դեռևս անհայտ, անորոշ անվտանգության մեխանիզմները։

Քոչինյան․ - Ռուսական պլանի 15-րդ կետը՝ Արցախի կարգավիճակը թողնել ապագային, ըստ էության, Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժվել է, մերժվել է ուղիղ, մերժվել է հրապարակային։ Ադրբեջանի նախագահը գնացել, նստել է Ռուսաստանի նախագահի առջև, ասել է՝ «մենք Արցախի թեմայով Ձեզ հետ խոսելու բան չունենք»։ Հիմա էդ ամբողջ ընթացքում ռուսները մեզ համոզում էին, թե «նորմալ է, մենք ադրբեջանցիներին կբացատրենք, որ էդ կետի մեջ էդ մասին պետք է խոսել, մենք իրենց կհասկացնենք», բայց ինչ-որ չտեսանք էդ բացատրելը, հասկացնելը, ավելին՝ տեսանք, որ ոնց որ հակառակն են էնտեղ բացատրում և հասկացնում։ Երբ որ մենք էս 15-րդ կետը հանում ենք ռուսական առաջարկի, ըստ էության, ռուսական առաջարկը որևէ կերպ չի տարբերվում ադրբեջանական առաջարկից։

Քաղաքագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG