Մատչելիության հղումներ

Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Բոնոյի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Այսօր Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ:

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

XS
SM
MD
LG