Մատչելիության հղումներ

Երևանը հետաձգեց մոսկովյան այսօրվա հանդիպումը, քանի որ, ըստ քաղաքագետի, Բաքուն փորձելու էր ճնշել, նոր լուծումներ պարտադրել


Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Դուշանբեում, 12-ը մայիսի, 2022թ․
Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Դուշանբեում, 12-ը մայիսի, 2022թ․

Այսօր Մոսկվայում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չի կայանա։ Այն հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, ասել է Արտգործնախարարության խոսնակը։

Ինչո՞ւ է Միրզոյանը հրաժարվել հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցին ու քննարկել Արցախի հարցը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Երևանը հետաձգում է, քանի որ Բաքուն Լաչինում ստեղծված իրավիճակով էլ կփորձեր Հայաստանին ճնշել ու նոր լուծումներ պարտադրել։

«Կարծում եմ, որ որոշում կայացնողները համոզված են, որ Ադրբեջանը փորձելու է օգտագործել այդ իրավիճակը և տարբեր օրակարգերում Հայաստանին լուծումներ պարտադրել, և դա է հիմնական պատճառը՝ ինչու Երևանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպումներին, կամ խնդրում՝ հետաձգել», - ասաց քաղաքագետը։

Հայկական կողմը դեռ երկու շաբաթ առաջ է պատարաստակամություն հայտնել մասնակցել այս հանդիպմանը։ Երբ Ադրբեջանը դեռ չէր շրջափակել Արցախը։ Իսկ ճանապարհը փակելուց հետո իշխանությունն ուղիղ Ռուսաստանին է մեղադրում, որ չի կարողանում ապահովել իր վերահսկողության տակ գտնվող ճանապարհի անխափան երթևեկությունը։

«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Երևանում կան կասկածներ, որ Ռուսաստանը բավական ջանքեր չի գործադրում Լաչինի միջանցքը կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ, և սա յուրահատուկ դեմարշ է նաև Մոսկվայի դեմ և փորձում են ուղերձ հղել, որ պետք է ավելի ակտիվ գործողությունների դիմել ճանապարհը բացելու հարցում», - ասաց քաղաքագետը։

Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեկ հեռախոսազրույցով ափսոսանք են հայտնել, որ Երևանը հրաժարվել է Մոսկվայում նախատեսված հանդիպումից։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Լաչինի միջանցքում իրավիճակը։

Թե ինչ կփոխեր արտգործնախարարների հանդիպումը, դժվարանում է կանխատեսել Տիգրան Գրիգորյանը, բայց, նրա կարծիքով, Ադրբեջանն, առանց հայկական կողմի զիջումների, դժվար թե բացի ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG