Մատչելիության հղումներ

«Արցախը ինչ կարգավիճակով էլ լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է գոյության ավարտ». Տիգրան Աբրահամյան


«Ազատության» տաղավարում խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

«Ազատություն». - Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ձևակերպումը, որ փաստաթղթի տրամաբանությունն է ցանկացած պահի պատրաստ լինել ստորագրելը։

Աբրահամյան. - Անկեղծ ասած, իր այդ ձևակերպումը որևէ բան չի ասում ինձ, որովհետև այն սկզբունքները, որոնք ի սկզբանե դրվել են փաստաթղթի հիմքում, ըստ էության հակասել են այն տրամաբանությանը, որ եղել է գոնե մինչև 2018 թվականը։ Այնտեղ ամրագրված էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը և քննարկման առարկա էր դրա իրացման մեխանիզմների թեման։ Ադրբեջանը դրել է հայտնի հինգ կետերը, Հայաստանը նշել է, որ կարևորում է Արցախում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, իսկ սա ակնհայտորեն նահանջ է ինքնորոշման իրավունքի սկզբունքից, ինչը չի ապահովում Արցախի հետ կապված գործընթաց Ադրբեջանից դուրս։ Այդ գործընթացը, որը Ադրբեջանը ներկայացնում է իր հինգ սկզբունքների և Հայաստանի առաջարկած սկզբունքների շրջանակներում, ըստ էության չի ենթադրում Արցախի ինքնորոշման իրավունքի առկայություն և դրա իրացում։ Իսկ դրա բացակայության պայմաններում թե Արցախը ինչ կարգավիճակով կլինի Ադրբեջանի կազմում, ինքնին նշանակում է, որ դա ոչ միայն չի արտահայտում Հայաստանի և Արցախի շահերը, այլ ինքնին նշանակում է Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական սպառնալիք, և նշանակում է հայկական Արցախի գոյության ավարտ։ Կոնֆլիկտը վատի և վատթարագույնի մեջ է ընթանում։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանը, բնականաբար, առավել ևս հիմա՝ առավելապաշտական մոտեցումների համատեքստում... Հայաստանի իշխանությունների մոտեցումները թեև տարբերվում են որոշակի, բայց դրանք վատի և վատագույնի շրջանակներում են։ Եվ ըստ էության, սա չի արտահայտում գոնե այն, նաև պաշտոնական դիրքորոշումը, որը, ինչպես 90-ականներին, այնպես էլ նույնիսկ Արցախի այսօրվա իշխանությունները հնչեցնում են։

«Ազատություն». - Բայց այդ վատի ու վատթարագույնի միջև ընտրությունը տրամաբանական չէ՞։ Պարտվող կողմը Հայաստանն է, նա պիտի ընտրություն կատարի վատի ու վատթարագույնի միջև։

Աբրահամյան. - Իրողությունները բոլոր այսօր խոսում են Հայաստանի և Արցախի դեմ, բայց փաստացի մյուս կողմից կա հանգամանքը, թե ինչի հետևանքով ենք մենք եկել և այսօր հասել այդ կետին։ Առանց այդ արձանագրման, ուղղակի չենք էլ կարող։

«Ազատություն». - Արձանագրեցիք։ Միևնույն է, կա գործող ստատուս քվոն, որից արդյո՞ք բխում է ինքնորոշման իրավունք, Արցախի անկախություն։

Աբրահամյան. - Ես կարծում եմ, որ պետք է առավելագույնը անել գոնե պաշտոնական մակարդակում այս պահին ինքնորոշման իրավունքի սկզբունքը օրակարգում պահելու համար։ Որովհետև եթե մենք իրավիճակը տանենք այդ վատի և վատթարագույնի սցենարի շրջանակներում և, ըստ էության, Արցախը տանենք դեպի ադրբեջանացման ճանապարհով, ապա սա ենթադրում է, որ հաջորդ փուլում արդեն օրակարգ է գալու Սյունիքի հարցը, հաջորդ փուլում գալու է Գեղարքունիքի հարցը։ Մենք արդեն վաղուց ենք համոզվել, հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց է տվել, որ Ադրբեջանի, նաև Թուրքիայի հովանավորությամբ այդ ագրեսիան նպատակ չունի միայն ամբողջական վերահսկողության տակ մտցնել Արցախը։ Ընդ որում, կա վտանգավորության մեկ այլ աստիճան, երբ որ Ադրբեջանը անթաքույց ասում է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները իրացնելիս որևէ պայմանների առաջ կանգ չի առնելու։ Այսինքն՝ ընդհուպ ուղղակի նշում է ուժի կիրառման միջոցով այդ տարածքային հավակնությունները բավարարելու մասին։ Եվ այս տեսանկյունից Արցախը փաստացի, բացի ամեն ինչից, որ մեր հայրենիքի մի հատվածն է կազմում և մեր հայրենակիցներն են այնտեղ ապրում, զուտ անվտանգային տեսանկյունից ևս այս պահին բուֆերի դեր է կատարում։ Որովհետև եթե մենք կորցնենք այդ ամրոցը, հաջորդը լինելու են Հայաստանի Հանրապետության մարզերը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG