Մատչելիության հղումներ

Մյունխենում հնարավո՞ր են հայ-ադրբեջանական բանակցություններ, կառավարությունից հայտնում են՝ նման տեղեկություն չունեն


Գերմանիայում հնարավո՞ր են հայ-ադրբեջանական բանակցություններ. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին: Իլհամ Ալիևը նույնպես մասնակիցների թվում է:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում։ Հայաստանի կառավարությունից փոխանցեցին՝ այս պահին նման տեղեկություն չունեն։ Միայն ասում են՝ Փաշինյանն այնտեղ հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների հետ՝ առանց հստակեցնելու:

Փաշինյանն ու Ալիևը 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ՝ 2020-ի փետրվարին, մյունխենյան հարթակն օգտագործեցին՝ բանավեճի ֆորմատով բաց քննարկում անցկացվեց։ Հենց այդ քննարկմանը Փաշինյանը հասավ մինչև Տիգրան Մեծ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում, 2020թ., փետրվար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում, 2020թ., փետրվար

Մյունխենում է լինելու նաև ԱՄՆ-ի պետքարտուղարը, որը հայ-ադրբեջանական ուղիղ շփումների կողմնակից է։

Երեկ պաշտոնական Բաքուն հաղորդեց, որ հեռախոսազրույցի ընթացքում բանակցային գործընթացի հեռանկարներն, 2 ամսից ավելի փակ պահվող Լաչինի հարցին են անդրադարձել Բլինքենի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա պաշտոնյաների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նախորդին ևս այդ հարցերին էին քննարկվել։ Նույն այդ օրը ամերիկացի պաշտոնյան նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ էր խոսել, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։

Ի դեպ, արտաքին գերատեսչությունից տեղեկացրեցին՝ Արարատ Միրզոյանը ևս վարչապետի հետ կմեկնի Մյունխեն։

Արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպման ռուսական առաջարկը հայկական կողմը մերժեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ։

Ընդդիմադիրներն, օրինակ, ենթադրում են՝ վերջին շրջանում ամերիկյան կողմի հաճախակի հեռախոսազանգերը այս հանդիպումը կազմակերպելու համար էին։ Իշխանականները պնդում են՝ ղեկավարների հանդիպման մասին տեղեկություններ չունեն։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ եթե բանակցություններն, այնուամենայնիվ, կայանան, Հայաստանը պետք է բանակցի Լաչինի հարցով։

«Երբ որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, որ Արցախի հարցով է նաև բանակցում այդ փաստաթղթի հետ կապված ինչ-որ ամրագրում անելու համար, բայց իրեն դուրս է դնում Արցախի հետ կապված կարևորագույն քաղաքական հարցի կարգավորման կամ քննարկման մասով, սա ինքնին խնդրահարույց իրավիճակ է առաջացնում և նաև լեզու է դնում Ադրբեջանի բերանը՝ Հայաստանին Արցախի հետ կապված հարցերով անընդհատ դուրս մղելու համար», - նշեց Աբրահամյանը:

Արդեն 67 օր փակ միջանցքի հարցով Երևանը Բաքվի հետ չմտավ բանակցությունների մեջ՝ պատասխանատվության սլաքները Ռուսաստանին ու Ադրբեջանին ուղղելով, թե չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանն ասում է, եթե Փաշինյան-Ալիև հանդիպում լինի Լաչինի մասին խոսք կլինի, բայց իշխանական պատգամավորը կարծում է՝ բովանդակային քննարկում-բանակցության մեջ Լաչինի հարցով չպետք է մտնել։

«Լաչինի միջանցքի մասով մենք Ադրբեջանի հետ բացի պահանջելուց, որ միջանցքը պետք է գործի, այլ բովանդակային նյութ չկա քննարկելու: Որպես նախապայմաններ, անընդունելի է, իմ կարծիքով, որովհետև եռակողմ համաձայնությամբ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել, որ միջանցքը պետք է գործի անխափան», - նշեց Խաչատրյանը:

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հերթական առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հերթական առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին, կառավարության այսօրվա նիստին տեղեկացրեց վարչապետը։ Ասաց՝ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին։

«Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», - ընդգծեց Փաշինյանը:

Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ Հայաստանի առաջարկները հայկական կողմը չի հստակեցրել, բայց, ինչպես Փաշինյանն ասաց, պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ բացառեն խաղաղության խաթարումը։ Վարչապետը վստահեցրեց՝ օր առաջ պատրաստ է ստորագրել տևական խաղաղություն երաշխավորող պայմանագիրը։

Այս ընթացքում Բաքուն շարունակում է բացառել Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցությունները։ Բանակցվող փաստաթղթին անդրադառնալով՝ նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր որոշ փակագծեր բացել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։ Ավելի կարևոր էր համարել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծումը։ Բաքուն ի պատասխան Երևանին մեղադրել է «իր ներքին հարցերին» խառնվելու մեջ, խաղաղության համաձայնագրի նախագծում նման դրույթ ներառելու փորձերը «անիմաստ» համարել։

XS
SM
MD
LG