Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կրկին պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր Բախտիյար Հաջիևին


Դեկտեմբերին կալանավորված և արդեն ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին ազատ արձակելու պահանջով արևմտյան ճնշումը Բաքվի նկատմամբ ուժգնանում է։ Երկուշաբթի երեկոյան, վերջին չորս օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ, ադրբեջանցի ակտիվիստին ազատ արձակելու պահանջով հանդես եկավ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։

«Երբ որևէ մեկը ազատազրկվում է, այն էլ ինչպես տվյալ դեպքում է, քաղաքական դրդապատճառներից ելնելով, իշխանությունները պարտավոր են հոգալ այդ մարդու բժշկական և հումանիտար կարիքները։ Այն մարդիկ, որոնք նրան բանտում են պահում ամբողջական պատասխանատվություն են կրում նրա բարօրության համար», - հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պաշտոնական Բաքվի համար Հաջիևի հնարավոր մահը ճաղերի ետևում։

Այն, որ ադրբեջանցի ամենահայտնի ակտիվիստներից մեկի կյանքին իրոք վտանգ է սպառնում, ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր դեռ անցած շաբաթավերջին։ Փետրվարի 11-ին հրապարակված հայտարարության մեջ Պետդեպարտամենտը, վկայակոչելով անկախ բժշկական փորձաքննության արդյունքները, պնդում էր, որ Հաջիևը ցանկացած պահին կարող է կոմայի մեջ հայտնվել։ Նրա փաստաբանն էլ պնդել է, որ արդեն մի քանի օր բանտային հիվանդանոցում գտնվող Բախտիյար Հաջիևը վերջին մեկ ամսում քաշի զգալի կորուստ է արձանագրել՝ 84 կիլոգրամից դառնալով 68։

Անցած գիշեր կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, ըստ էության, չհերքեց նաև ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում պտտվող այն լուրերը, որոնց համաձայն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի՝ հունվարի 23-ին կայացած հեռախոսազրույցի թեմաներից մեկը հենց ընդդիմադիր ակտիվիստի ճակատագիրն էր։

«Նրանք հարցերի բավական լայն շրջանակ են քննարկում, քննարկում են, իհարկե, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, տարածաշրջանային թեմաները։ Դրա հետ մեկտեղ, սակայն, շատ ավելի ընդգրկուն խոսակցություն է ծավալվում, որ նվիրված է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մենք շեշտադրում ենք այն միտքը, որ այս կամ այն երկիրը, այդ թվում՝ Ադրբեջանը, ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ամրապնդում է նաև երկկողմ հարաբերությունները մեր երկրի հետ», - ասում էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը։

Վերջին օրերին ի դեպ, Բախտիյար Հաջիևին ազատ արձակելու պահանջով արշավ են նախաձեռնել նաև ամերիկացի օրենսդիրները։

«Ես շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանի ապագան ժողովրդավարական պետությունների ընտանիքում է։ Քաղաքական բանտարկյալների առկայությունը, սակայն, մասնավորաբար, Բախտիյար Հաջիևի կալանավորումը, խաթարում են այդ ուղին», - երկուշաբթի օրը Twitter-ում գրել է Իլինոյսից ընտրված սենատոր Դիկ Դուրբինը։

«Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ կերպով ազատ արձակել ակտիվիստ Բախտիյար Հաջիևին, որը շինծու մեղադրանքով դեկտեմբեր ամսից անարդարացիորեն կալանավորված է», - Twitter-ի իր օգտահաշվում գրել է Ամերիկյան սենատի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Բեն Քարդինը՝ ակնարկելով նաև հնարավոր պատժամիջոցների մասին։

«Մենք ի վիճակի ենք և կենթարկենք պատասխանատվության այն մարդկանց, որոնք փորձում են ոտնահարել մարդու իրավունքները», - հայտարարել է ամերիկացի օրենսդիրը։

Երեքշաբթի օրը ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստին անհապաղ ազատելու կոչով հանդես եկան նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը և Լիզ Քրիսթոֆերսենը։ «Հաջիևի խափանման միջոցը փոխելու նպատակով ներկայացվող միջնորդությունների շարունակական մերժումը համարժեք չէ նրան ներկայացվող մեղադրանքներին», - պնդում են համազեկուցողները։

Նրանց այս հայտարարությունը հրապարակվեց այն նույն ժամերին, երբ Բաքվի Խաթաիի շրջանային դատարանը հերթական անգամ մերժեց Հաջիևի խափանման միջոց որպես տնային կալանքն ընտրելու փաստաբանների հայցը։

1987 թվականին Վարդենիսում ծնված Հաջիևը, որը լայն ճանաչում էր ստացել հատկապես սոցիալական ցանցերում ակտիվության և փողոցային մի շարք ակցիաների մասնակցելու արդյունքում, մեղադրվում է խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Հաջիևի դեմ իշխանությունների ցուցաբերած նման կոշտ վերաբերմունքի դրդապատճառները, սակայն, մինչ օրս չեն բացահայտվում։

Ընդամենը մի քանի տարի առաջ ակտիվիստի և ադրբեջանական իշխանությունների հարաբերությունները բավական կառուցողական էին։ Հաջիևը անգամ խոստովանել էր, որ 2019-2020 թվականներին գաղտնի բանակցությունների մեջ է եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Պետանվտանգության ծառայության տնօրենի հետ։ Այդ պաշտոնյաները, նրա խոսքով, իրեն առաջարկել էին բարեփոխումների ծրագիր գրել և անգամ նախագահ Ալիևի նորացված թիմում պաշտոն էին խոստացել։ Հետագայում, սակայն, ըստ Բախտիյար Հաջիևը այդ խոստումներն այդպես էլ չէին կատարվել, իսկ բարեփոխումների ծրագիրը մնացել էր թղթի վրա։

XS
SM
MD
LG