Մատչելիության հղումներ

Թուրքիայում ներքաղաքական իրադրությունն է՛լ ավելի է լարվել. իշխանությունները խոսում են ընտրությունների հետաձգման մասին


Երկրաշարժից տուժած Հաթայ նահանգը, Թուրքիա, 14-ի փետրվարի, 2023թ.
Երկրաշարժից տուժած Հաթայ նահանգը, Թուրքիա, 14-ի փետրվարի, 2023թ.

Թուրքիայում ավելի քան 35 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժը ցնցել է նաև երկրի մինչ այդ էլ լարված ներքաղաքական իրադրությունը՝ խառնաշփոթ ստեղծելով մայիսին նախատեսված ընտրությունների շուրջ։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած՝ Թուրքիայի պատմության մեջ ամենամահաբեր աղետը ծանր հարված է հասցրել իշխանության վարկանիշին, որը ընդունում է՝ առաջին արձագանքը սպասվածից արագ չէր։

Երկրաշարժի զոհերի մարմինները դեռևս փլատակներից դուրս չբերած, աղետի գոտու բնակչության զգալի մասին ցրտաշունչ ձմռանը դեռևս տանիքով չապահոված, սակայն, իշխանությունը սկսել է ընտրական գործընթացներում հնարավոր փոփոխություններից խոսել։

Իշխանական ճամբարից պնդում են՝ ընտրությունը պետք է հետաձգել, ընդդիմությունը դեմ է, Սահմանադրությունն էլ՝ արգելում

Ավելի քան 20 տարի երկրի կառավարման ղեկը ձեռքում պահող Ռեջեփ Էրդողանի կուսակիցները պնդում են՝ մայիսին նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է հետաձգվեն։ Ինքը՝ նախագահը դեռևս այդ մասին հրապարակավ չի խոսել։

Ընդդիմությունը կտրականապես դեմ է ընտրությունները հետաձգելու գաղափարին՝ վկայակոչելով սահմանադրական խոչընդոտը։ Մայր օրենքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 18-ից ոչ ուշ, Թուրքիայի Սահմանադրության 78-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում։ Բազմաթիվ պատերազմների թոհուբոհով անցած Թուրքիայում, մինչդեռ, ընտրությունները երբեք չեն հետաձգվել։

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կնոջ և համակիրների հետ հանրահավաքի ժամանակ, Ստամբուլ, 2022թ.
Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կնոջ և համակիրների հետ հանրահավաքի ժամանակ, Ստամբուլ, 2022թ.

«Քանի որ մենք պատերազմի մեջ չենք, ընտրությունները չեն կարող հետաձգվել», - հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ Գերագույն ընտրական հանձնաժողովը բավարար ժամանակ ունի ընտրական գործընթացը կազմակերպելու համար։

Սահմանադրությունը «սուրբ գիր չէ»

«Սահմանադրության օրենքները սուրբ գրեր չեն», - հակադարձում է Մայր օրենքի երաշխավորը համարվող իշխանության ներկայացուցիչ, կառավարող ուժի հիմնադիր, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։ Վերջինիս տարածած հայտարարության համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացնել ո՛չ մայիսին, ո՛չ էլ հունիսին։ Քվեարկությունը պետք է հետաձգել, պնդել է Էրդողանի կուսակիցը։

Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, արխիվ
Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, արխիվ

Դեռևս երկրաշարժից առաջ Թուրքիայում անցկացված սոցհարցումները վկայում են, որ առաջիկա ընտրությունները բարդ փորձություն կլինեն Էրդողանի համար, թերևս ամենածանր ընտրական մարտահրավերը՝ աննախադեպ բարձր գնաճի, ազգային տարադրամի փոխարժեքի շարունակական գահավիժման ֆոնին։ Երկրաշարժից հետո Էրդողանի վարչակազմի քաղաքական ապագան էլ ավելի մշուշոտ է դառնում։

Երկրաշարժով եկած Էրդողանը երկրաշարժով էլ կգնա

Թուրք վտարանդի լրագրող Ջան Դյունդարի համոզմամբ՝ աղետի հետևանքներին համարժեք արձագանքելու անկարող իշխանությունը գիտի՝ արդար ընտրությունների դեպքում կպարտվի։

«Նա դա լավ գիտի, դրա համար էլ կփորձի հետաձգել ընտրությունները։ Երկրաշարժով է եկել իշխանության, երկրաշարժով էլ կգնա»,- «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել թուրք լրագրողը՝ նաև նշելով, որ երկրաշարժը հսկայական ավերածություններ է պատճառել, տնտեսական կորուստների ծավալները գնահատվում են 50 միլիարդ դոլար, իսկ պետբյուջեն դատարկ է։

«Մարդիկ զայրացած են. եթե նորմալ ընտրություններ լինեն, Էրդողանը կարող է հեռանալ», - հավելել է նա։

Աղետը նախկինում իշխանության փոփոխության էր հանգեցրել Թուրքիայում

Թուրքիայում տեղի ունեցած նախորդ՝ 1999 թվականի երկրաշարժը, որը մոտ 17 հազար մարդու կյանք է խլել, հանգեցրել էր նոր կառավարության ձևավորման և ճանապարհ հարթել ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։

Էրդողանի գլխավորած ուժին մշտապես աջակցել է այս օրերի աղետի գոտի դարձած տարածաշրջանը։ 2018 թվականի նախագահական ընտրություններում երկրաշարժից տուժած տասը նահանգներում Թուրքիայի նախագահը ստացել է ձայների 55 տոկոսը, նույնքան աջակցություն էլ իշխող ուժն է ստացել։

«Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Հուսեյն Յայմանը, որը խորհրդարանում ներկայացնում է աղետից մեծապես տուժած Հաթայ նահանգը, կարծում է՝ ընտրությունների թեման այս պահին արդիական չէ, և չի ցանկանում մասնակցել ընտրական գործընթացների վերաբերյալ քննարկումներին։ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում թուրք պատգամավորը հրաժարվել է ասել՝ ինչ ազդեցություն կունենան երկրաշարժի գործոնը, դրա հետևանքները սպասվող ընտրությունների արդյունքների վրա։

«Մենք ցավի մեջ ենք։ Ես կորցրել եմ քրոջս ու եղբորս։ Մենք պետք է սգանք, մեր ցավը բուժենք»,- ասել է թուրք իշխանական պատգամավորը։

XS
SM
MD
LG