Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը կտրականապես դեմ է ընտրությունների հետաձգման գաղափարին


Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ Սահմանադրության պահանջին համապատասխան՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 18-ից ոչ ուշ, և մերժում են ընտրությունները հետաձգելու՝ իշխանական ճամբարից հնչող առաջարկները։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից Բյուլենթ Առընչն ընտրությունները հետաձգելու հարց է բարձրացրել։ Առընչը Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչներից է, նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել՝ խորհրդարանի խոսնակ, փոխվարչապետ, արդարադատության նախարար։

Փետրվարի 13-ի երեկոյան նա գրավոր հայտարություն է տարածել, ուր նշված է․ - «Այս օրերին, երբ մենք տառապում ենք մեր պատմության թերևս ամենացավալի աղետից, անհրաժեշտ է, որ մեր երկիրը անհապաղ թոթափի նախընտրական սթրեսը։ Ավելի անկեղծ ասած՝ ո՛չ մայիսին, ո՛չ հունիսին չի կարելի ընտրություններ անցկացնել։ Ընտրությունները պետք է հետաձգվեն»:։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրաշարժից հետո ընտրությունների թեմային չի անդրադարձել։ Ավելի վաղ նա նպատակահարմար էր համարել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները միասին անցկացնել նախատեսված ժամկետից ավելի շուտ՝ մայիսի 14-ին։

Թուրքիայի գործող կառավարության հնգամյա ժամկետն ավարտվում է գալիք հունիսին։

Բյուլենթ Առընչն ասել է, որ Գերագույն ընտրական հանձնաժողովը չի հասցնի վերանայել ընտրողների ցուցակները և անվտանգ ընտրությունների պայմաններ նախապատրաստել երկրաշարժից տուժած 10 նահանգներում, որտեղից Թուրքիայի խորհրդարանի 85 պատգամավոր է ընտրվում։ Նա Ռեջեփ Էրդողանին առաջարկել է ընտրությունները հետաձգելու հարցով խորհրդակցել քաղաքական կուսակցությունների հետ։

Ընդդիմությունը կտրականապես դեմ է այդ գաղափարին։

«Սահմանադրությունը շատ հստակ է։ Ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի ժամանակ։ Քանի որ մենք պատերազմի մեջ չենք, ընտրությունները չեն կարող հետաձգվել», - հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Yetkin Report լրատվական պորտալի հարցազրույցում։ Նա նշել է, որ խոչընդոտները կարող են հաղթահարվել տեխնոլոգիական միջոցներով՝ իրենց տներից հեռացած մարդիկ կարող են հասցեները փոխանցել կառավարական էլեկտրոնային փոստի միջոցով և քվեարկել։ «Երբ նշանակվի ընտրությունների օրը, Գերագույն ընտրական հանձնաժողովը պետք է սկսի աշխատանքը՝ լուծելու բոլոր այս հարցերը և կազմելու ընտրացուցակները։ Եթե ընտրությունները մայիսին անցկացվեն, մենք երեք ամիս ժամանակ ունենք, եթե հունիսին՝ ավելի քան չորս ամիս։ Գերագույն ընտրական հանձնաժողովն այդ ժամանակահատվածում կարող է հիանալի կատարել իր գործը», - ասել է Քըլըչդարօղլուն:

Ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը ևս դեմ է ընտրությունները հետաձգելու գաղափարին։ «Մեր կուսակցության հիմնարար մոտեցումը ընտրությունները ժամանակին անցկացնելն է», - Թվիթերում գրել է կուսակցության փոխնախագահ Քյուրշադ Զորլուն։

XS
SM
MD
LG