Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները մեղավորներ են փնտրում՝ 131 շինարար է ձերբակալվել


Թուրքիայի իշխանությունները ձերբակալել կամ ձերբակալելու հրահանգ են տվել 131 մարդու, որոնք առնչություն ունեն երկրի հարավ-արևելքում իրականացված կառուցապատումների հետ, որը հիմա աղետի գոտու է վերածվել։ Ձերբակալությունների, շինարարների հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին շաբաթ երեկոյան հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթաը։

Կիրակի օրը Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է երկու կապալառու, որոնք շենքեր են կառուցել Ադիյամանում։ Նրանք պատրաստվում էին հեռանալ Վրաստան։

Նախօրեին Ստամբուլի օդանավակայանում ևս մեկ կապալառու էր ձերբակալվել, ով նույնպես փարձում էր հեռանալ երկրից։ Նա Հաթայ նահանգի պատմական Անթաքիա քաղաքում 12 հարկանի էլիտար շենքի կառուցման կապալառուն էր՝ շենքի փլուզման հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել։

Գազիանթեփում երկու մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են սենյակները մեծացնելու, նոր սենյակ ստեղծելու նպատակով շենքի հիմնասյուները կտրտելու մեջ։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է «Երկրաշարժի հանցագործությունների հետքննությունների բյուրո» ստեղծելու մասին։ Նշվել է, որ այն բացահայտելու է կապալառուներին ու շինարարական աշխատանքների համար մյուս պատասխանատուներին, հավաքելու է ապացույցներ, ստուգելու է կառուցապատման թույլտվություններն ու լիցենզիաները, աշխատելու է փորձագետների, այդ թվում՝ ճարտարապետների, երկրաբանների ու ինժեներների հետ։

Արդարադատության նախարարը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին։ Դատախազությունը սկսել է փլված շենքերից նմուշներ հավաքել՝ շինարարության ժամանակ օգտագործված նյութերի բաղադրությունը պարզելու նպատակով։

Երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժերը ավերիչ էին, սակայն տուժածները, փորձագետները և ընդհանրապես ամբողջ Թուրքիայում կարծում են, որ վատ շինարարությունը բազմապատկել է երկրաշարժի աղետալի հետևանքները, գրում է «Ասոշիեյթեդ Փրեսը» և նշում՝ թեև Թուրքիայում թղթի վրա գոյություն ունեն սեյսմակայուն ժամանակակից չափանիշներին համապատասխանող շինարարական նորմաներ, սակայն դրանք գործնականում հազվադեպ են կիրառվում։

Կիրակի օրվա ցերեկային ժամերի դրությամբ՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում 24 հազար 617 մարդ է զոհվել, Սիրիայում՝ ավելի քան 3 հազար 500 մարդ։

XS
SM
MD
LG