Մատչելիության հղումներ

Երկրաշարժից հետո երկու երկրներում իրավիճակը աղետալի է. զոհերի թիվը անցել է 22 հազարը


Զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը։ Նրանց մեծ մասը՝ մոտ 19 հազարը Թուրքիայում են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքերով՝ ավելի քան 75 հազարը վնասվածքներ են ստացել։ Հարևան Սիրիայում զոհերի թիվը մոտ 3 հազար 300 է։

ՄԱԿ-ը նախազգուշացրել է՝ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած աղետի իրական ծավալները դեռ հայտնի չեն։

Աղետի գոտիներում հազարավոր շենքեր ավերակների են վերածվել, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան՝ ցրտաշունչ չորրորդ գիշերն անցկացնելով ինքնաշեն վրաններում։

Փլատակներից մի քանի դուրս են բերվել, ոմանք՝ գրեթե անվնաս

Թուրքիայում փրկարարներին այսօր հաջողվել է մի քանի մարդու դուրս բերել փլատակներից, ոմանց՝ գրեթե անվնաս։ Իսպանացի փրկարարների խմբի հաջողվել է փրկել երկու երեխայի և նրանց մորը, ովքեր չորս օր անցկացրել են փլատակներում:

Տեսանյութում երևում է, ինչպես են փրկարարները երեխաներին և նրանց մորը հանում քարերի արանքից։ Փլուզված շենքերի տակ շնչող մարդկանց հայտնաբերելու հույսերը, սակայն, ժամ առ ժամ մարում են։

Մեղադրանքներ Էրդողանի հասցեին

Աղետի ծավալների ֆոնին՝ Թուրքիայում սաստկանում է քննադատությունը Էրդողանի վարչակազմի հասցեին`երկրաշարժին պատրաստ չլինելու, պետական ապարատի թույլ արձագանքի համար։

Թուրքիայի նախագահը, այսօր այցելելով արևելյան Ադիյաման, որը երկրաշարժից տուժած թուրքական տասը նահանգներից մեկն է և Էրդողանի յոթերորդ կանգառը աղետի գոտում, խոստովանել է՝ իշխանության արձագանքը կարող էր ավելի արագ լինել:

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդն ավերածությունների ծավալների համար երկրի ղեկավարին է մեղադրել:

«Եթե այս ամենի համար կա մեկ պատասխանատու, ուրեմն Էրդողանն է»,- շաբաթասկզբին հայտարարել է Քեմալ Քըլըչդարօղլուն՝ հիշեցնելով ավելի քան երկու տասնամյակ շարունակ կառավարության կողմից հավաքագրվող այսպես կոչված՝ երկրաշարժի հարկի մասին։

1999 թվականին Թուրքիայում հազարավոր կյանքեր խլած երկրաշարժից հետո կառավարությունը նոր հարկատեսակ էր սահմանել՝ գոյացած գումարները խոստանալով ուղղել աղետների կանխարգելմանն ու տուժածներին օգնելուն։

«Որտե՞ղ են հոսել այդ գումարները»,- հարցնում է թուրքական ընդդիմության առաջնորդը։

Թուրքիայում այս օրերին մարդիկ փորձում են իրենք համախմբվել՝ աղետից տուժածներին օգնելու համար։ Ստամբուլում գտնվող հարսանյաց սրահներից մեկում կամավորները հանգանակություններ են հավաքում անգամ գիշերային ժամերին։

«Ես երկրաշարժ եմ վերապրել 1999 թվականին։ Մենք այդ աղետը մեծ դժվարությամբ ենք հաղթահարել: Հիմա էլ տեսնելով այս ամենը՝ կրկին վերապրում են նույն պահերը։ Չեմ կարող տանը նստել, թեյ խմել․ եկել եմ այստեղ օգտակար լինելու»,- պատմել է թուրք կամավորներից մեկը։

Սիրիային օգնող երկրների թիվը մեծ չէ

Երկուշաբթի օրը տեղի ունեցած աղետի հետևանքների դեմ Թուրքիայի կառավարությունը պայքարում է նաև տասնյակ երկրների օգնությամբ։ Հազարավոր փրկարարներ, այդ թվում՝ Հայաստանից, պատերազմող Ուկրաինայից, հինգերորդ օրն է՝ աշխատում են աղետի գոտիներում։ Ֆինանսական և այլ տեսակի օգնություն են առաջարկել բազմաթիվ օտարերկրյա պետություններ, ներառկալ Անկարայի հետ լարված հարաբերություններ ունեցող Հունաստանի կառավարությունը։

Թուրքիային սահմանակից Սիրիայում իրավիճակը, սակայն, անհամեմատ ծանր է, մինչ օրս աղետի գոտիներին օգնություն են ցուցաբերել հատուկենտ երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, որոշ արաբական երկրներ։

Ավելի քան տասնամյա պատերազմի հետևանքով մասնատված երկիր առաջին միջազգային օգնությունը նախօրեին է հասել։

Չորս օր է պահանջվել, որպեսզի ՄԱԿ-ի շարասյունը կարողանա հատել թուրք-սիրիական սահմանը։ Հրատապ օգնությունը Սիրիա չի հասել ինչպես տարբեր զինյալ խմբավորումների կողմից ստեղծված լոգիստիկ խոչընդոտների, այնպես էլ Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախօրեին խոստացել է մեծացնել օգնության ծավալները։

Պաշտոնական Վաշինգտոնը ևս, պատրաստակամություն հայտնելով ֆինանսական աջակցություն հատկացնել սիրիացիներին, նաև հայտարարել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները վեց ամսով չեղարկելու մասին, ինչը թույլ կտա դրամական փոխանցումներ իրականացնել և օգնություն հասցնել երկրաշարժից տուժած երկիր։

Իրավիճակը երկրում աղետալի է. Ասադ

Ավերիչ երկրաշարժից չորս օր անց այսօր առաջին անգամ աղետի գոտի է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, որն անցած տարիների ծանր ռմբակոծություններից դեռևս չի վերականգնվել, երկրաշարժից ամենաշատ տուժած բնակավայրերից է։

Քաղաքի հիվանդանոցներից մեկում երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներին տեսակցելուց հետո նախագահ Ասադը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ իրավիճակը երկրում աղետալի է։ Նրա խոսքերով՝ մինչդեռ ձեռքբերումներն ավելին են, քան երկրի հնարավություններն են թույլ տալիս։

Ասադը կոշտ քննադատություն է հնչեցրել Արևմուտքի հասցեին՝ մեղադրելով երկրաշարժի ֆոնին իրավիճակը քաղաքականացնելու համար։

«Արևմուտքում գոյություն չունի հումանիտար իրավիճակ, այդ իսկ պատճառով Սիրիայում տիրող կացության քաղաքականացումը նրանց համար բնական է»,- ասել է Սիրիայի առաջնորդը։

XS
SM
MD
LG