Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից 


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպիսով քննչական մարմինը հնարավորություն է ստանում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Քվեարկությանը մասնակցած բոլոր 68 պատգամավորները (բոլորը «Քաղաքացիական պայմանագրից») կողմ էին քվեարկել։ Ընդդիմադիրները նիստը բոյկոտել էին։

«Թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, որ ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը։ Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն։ Դա կլինի մեկ գավառական դերասանի՝ ՔՊ-ի թատրոն։ Մենք չենք մասնակցի դրան», - ավելի վաղ հայտարարել էր Սեյրան Օհանյանը։

Գլխավոր դատախազը երկու օր է, խորհրդարանում միջնորդում է, որ ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը զրկվեն անձեռնմխելիությունից. - «Զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան

Աննա Վարդապետյանն այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող երրորդ քրեական գործը ներկայացրեց։ Ըստ գլխավոր դատախազի, այս գործի քննությամբ ևս պարզվել է, որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք նախարարությանը պատկանող շինություններ ցածր գներով ու ապօրինի վաճառվել են։ Երևանի երկու հասցեներում՝ Էրեբունիում ու Շենգավիթում գտնվող շինությունները վաճառվել են գործարար Վահե Յակուբյանին, պետությանը պատճառվել է ավելի քան 5 միլիարդ դրամի վնաս. - «Վահե Յակուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետությանը 5 միլիարդ 884 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 միլիարդ 181 միլիոն 300 հազար դրամով պակաս գումար։ Այսինքն՝ վճարել են ընդամենը շուկայական արժեքի 12 տոկոսը»։

Այս գործով հարցաքննել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Օհանյանին վերաբերող միջնորդություններից մեկը դարձյալ նախարարության տարածքների ապօրինի վաճառքի մասին էր։ Երրորդը՝ անպիտան հրթիռների, որով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներ։ Այս միջնորդությունը փակ նիստում քննարկվեց։

Ապօրինի գույքի վաճառքի գործերով Օհանյանը չի ազատազրկվի՝ վաղեմության ժամկետի հիմքով։

«Մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մենք չենք եկելէ», - պնդել է Օհանյանը, ով նախօրեին տեսաուղերձով էր անդրադարձել իր և Չարչյանի դեմ սկսված գործընթացին, այն շինծու էր որակել ու հայտարարել, թե իշխանությունն այսօրվա պաշտպանական խնդիրներից հանրությանը շեղելու նպատակով է աղմկում նախկինների մասին. - «Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն»։

Իզմիրլյան կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին էլ դատախազությունն ուզում է անձեռնմխելիությունից զրկել 2017 թվականին կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։ Խոսքը 2016-ին Ոստիկանության գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մասին է։ Չարչյանն այդ ժամանակ դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում է եղել։

«Ուղիղ վեց տարի առաջ այս օրը տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն», - խորհրդարանում հայտարարեց Աննա Վարդապետյանը։

Իր տեսաուղերձում Սեյրան Օհանյանն ասում է. - «Պատկերացնո՞ւմ եք, «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ Նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը»։

Արթուր Սարգսյանը առողջական խնդիրներ է ունեցել, որ կալանքից կարող էր ազատվել, բայց հրաժարվել է փորձաքննության ներկայանալ, և եզրակացությունը հանձնաժողովը տվել է առանց հետազոտման, բժշկական տվյալների հիման վրա։

«Տվյալ դեպքում իրենք փորձագետներն ասել էին, որ մեզ անհրաժեշտ ա տեսնել անձին, որպեսզի հասկանանք էդ աստիճանի Բեխտերևի հիվանդություն ունի՞, թե՞ չունի։ Եվ էս պարագայում էդ ելակետերի բացակայության պայմաններում իրենք տվել են հաստատական եզրակացություն՝ ասելով, որ չունի։ Այ էստեղ ա կայանում այ էդ կեղծիքը», - պարզաբանեց գլխավոր դատախազը։

Պատգամավոր Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քվեարկության կդրվի վաղը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG