Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը


Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Ըստ խորհրդարանի կայքէջի՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ն է նման առաջարկով պաշտոնական գրությամբ դիմել Ազգային ժողով։

Հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը կլինի, իսկ հարակից զեկուցմամբ հանդես կգա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկել է այսօր։ Խորհրդարանն այս պահին քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ նշեց, թե Զինված ուժերի հարցով փակ քննարկում անցկացնելու առաջարկը ընդդիմադիրներին է, ապա նրանց մեղադրեց բանակը ծախողներ լինելու մեջ։

«Դուք բանակ ծախող եք, դուք զորամաս ծախող եք, դուք հետո էդ զորամասը որպես էդպիսին գրավ դնող եք։ Սիմվոլիկա կա ամեն դեպքում․ զորամասը էժանով ծախել ու գրավ դնել։ Ու հատկապես հատկանշական է, որ էսօր էս նույն մարդիկ, ինչ-որ պաթոսային տեքստերի ներքո, նիստ են հրավիրել, որպեսզի պաշտպանության նախարարությունում իրավիճակի հետ կապված քննարկում անցկացնեն։ Շատ կողմ ենք էդ քննարկմանը, որովհետև ցանկացած համակարգ զերծ չի սխալներից, բայց կարևոր է այն ռեակցիան, որ տալիս է իր իսկ սխալներին», - ասաց իշխանական պատգամավորը։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա, որոնցից մեկը գաղտնի է։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG